
«Լելե Թեփի» օպերացիա տեղի չի ունեցել․ ինչ է մանրամասնում «Իմ քայլ»–ի պատգամավորը

«Լելե Թեփի» օպերացիա տեղի չի ունեցել։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլ»–ից Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով պատերազմի մասին ամենատարբեր շահարկումներին։
««Լելե Թեփի» օպերացիա տեղի չի ունեցել, այդ օպերացիայում ոչ մի դերակատարում չի ունեցել «Լելե Թեփեն», ես չգիտեմ՝ այդ շահարկումները ինչ–որ մեկի բարդույթների արդյունք են, թե ոչ, բայց պարբերաբար կեղծ ինֆորմացիա է դաշտ նետվում, դա դառնում է ծամոն, անընդհատ շահարկվում է»,–ասաց նա։
Անդրադառնալով Արթուր Ղազինյանին Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ չընտրելուն՝ Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Նախ, Արթուր Ղազինյանն ընդհանրապես վախ ներշնչող կերպար չէ, և երկրորդն էլ ոչ մի առանձնահատուկ լիազորություններ չունի հանձնաժողովի փոխնախագահը, բացի նրանից, որ կարող է նիստը վարել, եթե նախագահողը բացակայում է։ Իսկ թե ինչու չենք ընտրում, կարող ենք վեց ժամանոց վիդիո ֆորմատ տրամադրել, թե ինչու չենք ընտրում․ մեկ այն, որ նա չի ծառայել ԶՈՒ–ում, դա, իհարկե, մի կողմ, բայց դրա հետ մեկտեղ նա բացարձակապես չի տիրապետում զինված ուժերին վերաբերող հարցերին»,–ասաց նա և նշեց, որ պետք է պատկերացում ունենալ առնվազն ԶՈՒ կառուցվածքի մասին։
Վահագն Ալեքսանյանն ասաց, որ Արթուր Ղազինյանը չի պարզաբանում, թե իր ֆինանսական մեծ միջոցները որտեղից են, և բացի այդ, նա նշեց, որ Արթուր Ղազինյանը իր համար անընդունելի հայտարարություններ է անում։ «Ցանկալի թեկնածու չունենք, ունենք ոչ ցանկալի թեկնածու, և դա Արթուր Ղազինյանն է»,–ասաց նա։