Հայկական կողմը պետք է դիտարկի «3+3» բանակցային ձևաչափի հնարավորությունները․ պատգամավոր

Հայկական կողմը պետք է դիտարկի և հասկանա «3+3» բանակցային ձևաչափի հնարավորությունները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Ալեքսանյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է հասկանալ դրա հնարավոր նպատակահարմարությունը։

«Հայաստանի վարչապետն էլ խորհրդարանի ամբիոնից արդեն հայտարարել է այն մասին, որ անհրաժեշտ է, սկզբի համար, ձևավորել այդ ձևաչափի մասին ավելի լավ պատկերացում, հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, ինչ նպատակներ են հետապնդվում, ինչ կողմեր են ներգրավված, ինչ շահեր են հետապնդվելու և միայն դրանից հետո արդեն ձևավորել սեփական պատկերացում այդ ձեւաչափի մասին»։

Հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանին պարտադրվի այդ ձևաչափը՝ նա ասաց, որ բացառում է, որ այդ ձևաչափը կպարտադրվի Հայաստանին։

«Կրկնում եմ, մենք այժմ ուսումնասիրման փուլում ենք, դիտարկում ենք այդ ձևաչափի նպատակահարմարությունը կամ ոչ նպատակահարմարությունը»։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին, Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ բանակցությունների արդյունքներով, հայտարարել էր այն մասին, որ Իրանի պաշտոնակցի հետ քննարկել է «3+3» բանակցային ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներգրավմամբ։

Քաղաքականություն