
Դենդրոպարկի նախկին տնօրենը ահազանգում է ՝ նախարարը 833%-ով բարձրացրել է այգու իրենց վարձակալած տարածքի գինը

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.
«Իջևանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին վերջերս ազատել են զբաղեցրած պաշտոնից։ Իջևանի այցեքարտ հանդիսացող դենդրոպարկը հիմնվել է 1960 թվականին, Մեխակ Սայադյանի հոր՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Լյուդվիգ Սայադյանի կողմից, ով երկար տարիներ ղեկավարել է դենդրոպարկը:
Սայադյանների ընտանիքն այժմ երկարաժամկետ վարձակալությամբ օգտագործում, տնկիներ է աճեցնում դենդրոպարկի տարածքի մի մասում։ Մ․ Սայադյանը պնդում է, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մտադիր է դենդրոպարկի այդ հատվածը վերցնել իրենց ընտանիքից։ Նա հայտնում է, որ նախարարությունը այդ հատվածի համար տարեկան վարձավճար է սահմանել 8 միլիոն դրամ, տարեկան վարձավճարը ավելացնելով 833 տոկոսով, այդկերպ ցանկանալով չեղարկել վարձակալության պայմանագիրը։ Մեխակ Սայադյանը հայտնեց, որ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանը փոխանակ դենդրոպարկի 5,7 հեկտարից մնացած 5 հեկտարը պաշտպանի, նաեւ միջոցներ ձեռնարկի, դատարան դիմի Իջեւանի գինու, կոնյակի կոմբինատի կողմից կատարված ապօրինի շինարարության հետևանքով Աղստև գետի վարարումից դենդրոպարկի տարածքի մի մասի քշման կապակցությամբ, դենդրոպարկում անհիմն կադրային նշանակումներ է կատարում։
Մ․ Սայադյանը հայտնեց, որ նախկինում դենդրոպարկի տնօրենի պաշտոնակատար նշանակված, դենդրոպարկի տեսուչի պաշտոնում աշխատած ծառայգու պահակ Վարդանին վերադարձրել են նույն աշխատանքին՝ պահակությանը, տեսուչի պաշտոնով նոր աշխատող են ընդունել, դենդոպարկն ընդամենը մեկ բանվոր ունի։ Մ․ Սայադյանը հայտնում է․ «Նայեք, մեկ տնօրեն, մեկ տեսուչ, մեկ պահակ եւ ընդամենը մեկ բանվոր՝ 5 հեկտարի վրա, հանճարեղ է»։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ դենդրոպարկի նոր աշխատակազմից տնօրեն Գեւորգ Վարդապետյանը,որպես դենդրոպարկի տեսուչ աշխատանքի ընդունված Հայկազը չնայած ավարտել են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի էկոլոգիայի բաժինը, սակայն չեն ճանաչում դենդրոպարկի հազվագյուտ ծառերը, թփերը, դրանց հետ աշխատանքի փորձ չունեն։ Մ․ Սայադյանը հայտնեց, որ ինքը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը: Նա նաև ոստիկանություն հաղորդում է տվել կատարված ապօրինի շինարարության հետևանքով Իջևանի դենդրոպարկին պատճառված վնասների կապակցությամբ»:
Քչերը գիտեն, որ բացի Ստեփանավանի դենդրոպարկից` Իջևանում ևս դենդրոպարկ կա։ Գտնվում է հենց քաղաքում՝ Աղստև գետի ափին։
Ըստ «Հետք» լրատվականի տեղեկությունների՝ «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն 2016թ․ մարտի 15-ին հանգստի կազմակերպման նպատակով վարձակալել է Իջևանի դենդրոպարկի կեսից ավելին՝ 8,5 հա տարածք։ Վարձավճար է սահմանվել 917 147 դրամ, վարձակալության ժամկետ՝ 2040 թվականը։