Շրջանառվում է լուրը, որ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ են ունեցել կայծակնային հարձակմամբ բացել «Զանգեզուրի միջանցքը», որը կանխվել է Իրանի շնորհիվ. Ռոբերտ Մարգարյան․ ArmDaily
ArmDaily.am-ի հարցերին պատասխանել է իրանագետ, քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Մարգարյանը:
-Պարոն Մարգարյան, Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։ Հայտարարությունում, մասնավորապես, նշվել է. «Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով «Խայբարը նվաճողները» զորավարժության անցկացումը հզորության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին»:
-Առաջին հայացքից Իրանի զորավարժություններն, ինչպես արդեն հայտարարված է, ուղղված են տարածաշրջանում ու Իրանի սահմանների հարևանությամբ Իսրայելի ներկայությանն ու ակտիվությանը: Խոսքը վերաբերում է իհարկե 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հարավային ու Իրանի հետ սահմանակից տարածքներին: Ի դեպ, զորավարժության անունն էլ խորհրդանշական է: «Խեյբար»-ն ակնարկում է իսլամի մարգարեի օրոք հրևաների դեմ մուսուլմանների մղած նույնանուն պատերազմին: Բայց կարևոր հարցն այն է, որ Իրանն ինչո՞ւ այսօր հիշեց Իսրայելի գործոնի ու դրա վտանգավոր ակտիվացման մասին: Ադրբեջանը վերջին տարիներին Իրանի դեմ իրականացված ահաբեկչական գործողություններից շատերի հենակետն է եղել: Իրանի միջուկային ոլորտի գիտնականների դեմ մահափորձ իրականացրած ահաբեկիչներից շատերն Իրան են անցել Ադրբեջանից: Մի քանի տարի առաջ Իսրայելի հետախուզական ծառայություններին հաջողվեց նույն Ադրբեջանի ցամաքային սահմանով դուրս հանել Իրանի միջուկային աշխատանքներին վերաբերող տասնյակ հազարավոր էջ փաստաթղթեր ու ֆայլեր: Տարբեր առիթներով իսրայելական ԱԹՍ-ներն Ադրբեջանի սահմանից ներթափանցել են Իրան ու որոշ դեպքերում կործանվել են: Նշված պարագաներից յուրաքանչյուրն առանձին վերցրած շատ ավելի կարևոր էր քան Իրան-Հայաստան ճանապարհի 20 կմ հատվածում Իրանի բեռնատարների հետ պատահածը: Ինչո՞ւ վերջինիս դեպքում Իրանի համբերության բաժակը լցվեց: Ենթադրում եմ, որ Իրանը տիրապետում է տարբեր կուլիսյան պայմանավորվածությունների ու դավադրությունների մասին գաղտնի տեղեկությունների, որոնց իրականացումը կանխելու համար վերջին օրերին նման ակտիվություն է ցուցաբերում: Հիշեցնեմ, որ իրանական թելեգրամյան ալիքներում շրջանառվում է այն լուրը, որ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ են ունեցել կայծակնային հարձակման անցնելով բացել Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը», որը կանխվել է Իրանի ակտիվացման շնորհիվ:
-Վերջերս իրանցիները հայտարարեցին՝ եթե Հայաստանը թույլ է իր սահմանները պահելու մեջ, ապա դա մենք կանենք: Ավելի շատ ո՞ւմ էր ուղղված այս հայտարարությունը:
-Այո նման հայտարարություններ վերջին օրերին հնչել են Իրանի զինվորական հրամանատարների կողմից, իհարկե, առանց ուղղակի երկրի անուն մատնանշելու: Բայց կարծում եմ պարզ է թե ակնարկն ում մասին է: Իրանի գերագույն առաջնորդն էլ կիրակի օրը Թվիթերում նույն բովանդակությամբ գրառում է կատարել, որի առաջին հասցեատերն, իհարկե, Բաքվի բռնապետն է, բայց կողմնակիորեն նաև վերաբերում է Նիկոլ Փաշինյանին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում