Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ. Վահե Ղալումյան

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

Հարցին՝ այդ դեպքում որտե՞ղ է գտնվում, իշխանական պատգամավորն արձագանքեց. «Ո՞նց որտեղ է գտնվում... էդ ճանապարհը, նորից եմ կրկնում, մի քանի տեղ անցնում է ադրբեջանական սահմանով, ադրբեջանական տարածքով»։

 

Հարցին՝ այսինքն՝ ընդունում է ադրբեջանական կողմի թե՞զը, Ղալումյանն արձագանքեց, որ ոչ թե ինքն է ընդունում, այլ քարտեզներն են այդպես նշում: Ըստ պատգամավորի՝ Գորիս-Կապան 21կմ-անոց ճանապարհի մի քանի հատվածներ ադրբեջանական տարածքում են:

Հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհով վերջին անգամ ե՞րբ է երթևեկել, պատգամավորն արձագանքեց՝ հունիսին, և իրեն անվտանգ է զգացել։ Թե ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ 2 քաղաքացիներ հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, Ղալումյանն արձագանքեց. «Սահմանային խնդիրներ միշտ էլ եղել են, եթե սահմանագծում-սահմանազատում չլինի, այդ խնդիրները լինելու են»:

 

Քաղաքականություն