ԱՄՆ աջակցում է Թուրքիայի հետ ՀՀ փակ սահմանները վերաբացելու ջանքերին. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան ելույթ է ունեցել ՀՀ դեսպանությունում Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան: Միջոցառումը սեպտեմբերի 30-ին կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը:
Պետքարտուղարի տեղակալի խոսքերով՝ Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ զեկույցի դրական գնահատականը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և հույս հայտնում, որ նույն արձագանքին կարժանան նաև գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Զեան նաև կարևորում է վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդավարական հաստատությունների կայացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ներառյալ ԱՄՆ ու ՀՀ համատեղ ջանքերը հակակոռուպցիոն հանձնաժողովի և պարեկային նոր ոստիկանության ձևավորման ուղղությամբ:
«Դեռևս շատ աշխատանք կա անելու: Մենք ողջունում ենք հնարավորությունները աջակցելու Ձեր ջանքերին՝ ուղղված անկողմնակալ և անկախ դատական համակարգը խթանելուն, խոսքի ազատության նկատմամբ հարգանքը մեծացնելուն և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը ուժեղացնելուն: Արդյունավետ ժողովրդավարական կառավարումը ներառում է նաև ընդդիմադիրների հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելը: Դրանք կենսական նշանակություն ունեցող բարեփոխումներ են, և ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դրանք իրականացնելու հարցում»,- հայտարարել է պետքարտուղարի տեղակալը:
Ուզրա Զեան ցավակցություն է հայտնել ԼՂ հակամարտության ընթացքում զոհերի կապակցությամբ: ԱՄՆ շարունակում է լիովին հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ, համապարփակ, քաղաքական և կայուն կարգավորմանը հասնելու նպատակին՝ ներառյալ Մինսկի խմբի համանախագահի իր դերում: Նա կարևորում է Նյու Յորքում վերջերս կայացած Մինսկի Խմբի հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ որպես խաղաղ գործընթացի վերսկսման առաջին քայլ:
«Հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք զբաղվել իրական երկխոսության հաստատմամբ, որը կհանգեցնի հակամարտության հետ կապված և դրա հետևանքով բոլոր չկարգավորված խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք երկկողմ ջանքերը՝ ուղղված մնացած բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը: Երկու կառավարություններին էլ հորդորում ենք հետաքննել մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ մեղադրանքները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է նա։
Ամերիկացի դիվանագետը նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
«Միացյալ Նահանգներն աջակցում է դիվանագիտական ջանքերին ՝ Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման և Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Զեան:
Իր խոսքի վերջում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կրկին շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը և հայտնել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր արժեքների հիման վրա ավելի ամուր կապեր հաստատելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...