Որքա՞ն են կազմում թեստերի ինքնարժեքը. hraparak

ՏՄՊՊՀ-ն չի ուսումնասիրումն ՊՇՌ թեստերի գնագոյացումը: Իսկ թեստերի գներն այս պահին ՀՀ քաղաքացիներին ամենահուզող հարցերից մեկն է` երկրորդը սահմանային իրավիճակի հարցն է: Ինչպե՞ս կարող է մի ծառայություն, որն արժե 15 հազար դրամ, վաճառվել 6-7 հազարով՝ գին, որը վերջին օրերին սահմանել են մասնավոր ընկերությունները: Իսկ նման գներ են գործում երբ 20-30, կամ ավելի անդամ ունեցող կոլեկտիվները միաժամանակ դիմում են թեստավորման պահանջով: «Վարդանանց» ԲԿ-ն, որն առաջինը իջեցրեց թեստի գինը, ծառայությունը մատուցում է 9500 դրամով, «Մեդլայն կլինիկ»-ը՝ 7000 դրամով, PromTest-ը՝ մինչև 10 հազարով, և այլն: Այս մասին գրում է hraparak.am-ը: 

Եթե հակաքովիդ թեստավորումը հնարավոր է այդքան էժան իրականացնել, ապա ինչո՞ւ էին լաբորատորիաները մեկուկես տարի թալանում ՀՀ քաղաքացիներին, 3 անգամ գնից բարձր վաճառելով ծառայությունները եւ գերշահույթներ ստանալով: Այս հարցերն այսօր հնչում են և սոցիալական հարթակներում, և կառավարության դռների մոտ:

Կառավարությունն իր «կուռացիայի» տակ գործող ԶԼՄ-ներով տարածում է, որ ինքը տասնյակ միլիոնավոր դոլարների շահույթ չի ստացել, քանի որ ՊՇՌ թեստավորման ծառայություններ մատուցում են հիմնականում մասնավոր բուժհաստատությունները։ Նույնիսկ եթե այդպես է, ապա պետությունը պարտավոր է կարգավորել ցանկացած ոլորտ` մանավանդ եթե թեստավորում է պարտադրում եւ մարդկանց մի հսկա խավ ստիպված է դիմել այդ մասնավորին:

Առողջապահության նախարարությունն էլ «երեսին խաչ է անում», թե ինքը դրա հետ կապ չունի, առաջարկելով գնագոյացման վերլուծության համար դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով»: Դե, իսկ ՏՄՊՊՀ-ն էլ իր վրայից է գցում հարցը, պատճառաբանելով, թե «հանձնաժողովը գին սահմանելու լիազորություն չունի, իսկ դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտների մեջ գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ չկան»: Ինչպես միշտ, ՏՄՊՊՀ-ն ստանդարտ պատասխան է տալիս՝ որ շուկան մրցակցային է՝ խուսափելով գործուն քայլեր իրականացնելուց։ Գործուն քայլը կլիներ այն, որ ուսումնասիրվեր շուկան և գոնե թեստերի ինքնարժեքը որոշած լինեին: Իսկ մարդիկ խոսում են այն մասին, որ թեստերի ինքնարժեքը չի անցնում 3 հազար դրամը: Մինչդեռ գնագոյացման անակնկալներին ՏՄՊՊՀ-ն ծանոթանում է մամուլից, իսկ կառավարությունը գոնե հիմա, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցներում հաղորդումներ կան թեստերի շուկայի բարձիթողի վիճակի, ուռճացված գների մասին, հստակ հանձնարարական չի տալիս ուսումնասիրելու ոլորտը ու հասկանալու, թե ինչու են մի տարի շարունակ հայտնի ընտանի կենդանու տեղ դրել մարդկանց։ 

Դուք չե՞ք ուսումնասիրում թեստերի շուկան, ունե՞ք արդյոք նման հանձնարարական կառավարութունից: ՏՄՊՊՀ-ից մեր հարցերին պատասխանեցին. «Ոչ, չենք ուսումնասիրում», ապա կրկնեցին արդեն տարածված ֆրազները, որոնք ոչ մեր հարցերին են առնչվում, ոչ դաշտում առկա գներին, ոչ էլ հանձնաժողովի գործառույթների լիարժեք սպեկտրին. «Ոլորտը մրցակցային է, դաշտում գործում են 10-ից ավել տնտեսավարող սուբյեկտներ, չկան գերիշխող դիրք ունեցողներ: Թեստավորման գները տատանվում են 8 000-15 000 դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչև 20 000 դրամ, և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գին սահմանելու որևէ լիազորություն չունի: Եթե առկա է նման կարգավորման անհրաժեշտություն, ապա դա պետք է տեղի ունենա օրենքով կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտով»: 

Ինչպես տեսնում ենք, հանձնաժողովը սխալ պատկերացում ունի շուկայում առկա գների մասին: Մեր տեղեկություններով, դրանք արդեն 8000 -ից էլ ցածր են: Կոլեկտիվներ կան, որոնք 5-6 հազար դրամով են պայմանագիր կնքում: Պարզ է, որ սա չկարգավորված բիզնես ոլորտի է վերածվել եւ ով հասցնում է` ձեռքերը տաքացնում է համավարակի եւ կառավարության ապօրինի որոշումների կրակի վրա: 

 

Քաղաքականություն