ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկոն ապրող տեսակ է. ընկերները և հարազատները վերջին հրաժեշտը տվեցին Հայկ Հակոբյանին
Հրաշալի կոմպոզիտոր, հրաշալի մարդ, հրաշալի արվեստագետ: Այսպես են ընկերները, մտերիմները, գործընկերներն ու երկրպագուները հիշում երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին (Հայկ Հակոբյան), որի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ասաց՝ Հայկոն իր ազնիվ արվեստով, մաքուր երգեցողությամբ ուրույն ոճ ստեղծեց և անդավաճան մնաց իր արվեստին: «Նա սիրահարների մեծ բանակ ուներ, որոնք հետևում էին Հայկոյին: Շատ լավ մարդ էր. բարին էլ կամենում բոլորին: Նրանում շատ սեր կար: Պատահական չէ, որ նրա երգերում սերը մեծ տեղ էր զբաղեցնում: Հայկոն մեր հիշողության մեջ կմնա հրաշալի, մաքրամաքուր երաժշտությամբ, երգերով: Այն, ինչ նա անում էր, ազնիվ էր, և դա արժանի է ամենաբարձր գնահատականին»,-շեշտեց Արա Գևորգյանն ու հավելեց, որ Հայկոն վառ գույն էր, եզակի ստեղծագործող, որի պակասը ոչ ոք չի կարող լրացնել:
Սցենարիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանի խոսքով՝ հետխորհրդային սերունդն իրոք անկեղծ էր, քանի որ չկար ինտերնետ, չկային սոցիալական կայքեր, և ամեն բան զարգանում էր բնական հունով: «Այդ սերնդի վառ ներկայացուցիչը Հայկոն էր, որի ամեն երգը յուրահատուկ է: Նա շատ հետաքրքիր ու ճաշակով գործեր էր ստեղծում: Չեմ կարող առանձնացնել մի ստեղծագործություն. բոլորն էլ լավն են: Երբ Հայկոյի արվեստը սիրում ես, սիրում ես լիարժեք»,-նշեց Մարկոսյանը:
«Հայկոն ապրող տեսակ է: Չեմ կարող ասել, թե քանի տոկոսով, բայց նա մեզ մեկս մյուսի հանդեպ առավել բարի դարձրեց: Մենք սովոր ենք մարդկանց կորցնել, նոր ըստ արժանվույն գնահատել: Հայկոյի հետ լավ ընկերներ ենք եղել, տարբեր առիթներ ենք նշել: Այսօր շատ կոտրված ենք: Ես փորձում եմ համապատասխան բառեր գտնել, բայց դժվարանում եմ»,-խոստովանեց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն:
Նա հիշեցրեց, որ այսօր Հայկոյի երգերն են հնչում Հանրապետության հրապարակում, մետրոյի կայարաններում: «Դա խոսում է Հայկոյի արժեքի մասին: Կարծում եմ՝ կանցնի ժամանակ, և մենք առավել կգիտակցենք նրան»,-եզրափակեց Արամեն:
Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ: