
Հանրային տրանսպորտի խայտառակ վիճակն ո՞վ պիտի վերահսկի․ Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարակի տարածման, բազմաթիվ մահերի ու հասարակությանն անլուրջ լինելու մեջ մեղադրող տարբեր պաշտոնյաներն ու հասարակական գործիչները լավ կլիներ առհասարակ անդրադառնային իրենց իսկ լրջության գոյությանը, աստիճանին ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներիին, երբ հանրությանն ապակողմնորոշում էին հնարավոր ու անհնար բոլոր ձևերով։ Հետաքրքիր է` այդ նույն քննադատներից որևիցե մեկն ինչո՞ւ սեպտեմբերի 21-ի տոնակատարության ժամանակ չհիշեց կորոնայի հետևանքով առաջացած անժամանակ մահերի մասին կամ ինչո՞ւ կոչ չարեց նույն պաշտոնյաներին պարտադիր դիմակ կրել միջոցառման ողջ ընթացքում։ Խիստ կասկածում եմ, որ այնտեղ նստած բոլորը պատվաստված էին, իսկ դիմակ կրում էին եզակիները։ Համերգին ներկա քաղաքացիներին ոստիկանների կողմից «շմոն» անելիս ինչո՞ւ չէիք հորդորում «պարտադիր» դիմակ կրել համերգի ընթացքում, երբ բազմահազար ներկաների պարագայում դիմակն իրոք պարտադիր էր։ Իսկ չե՞ք մտածում, որ հանրային հենց նման միջոցառումն այսօրվա թվերի աճի պատճառ դարձավ, չէ՞ որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը 14 օր է (եթե ճիշտ եմ հիշում)։ Բա հանրային տրանսպորտի խայտառակ վիճակն ո՞վ պիտի վերահսկի. հարյուր-հազարավոր մարդիկ առանց դիմակի ամեն օր երթևեկում են տնից աշխատանքի, դասի և այլ տեղեր։ Բա էստե՛ղ վերահսկողություն սահմանեք ու քաղաքակիրթ ձևով մարդկանց հորդորեք չվտանգել հանրային առողջությունը։ Թե՞ ժողովրդի կոլեկտիվ անպատասխանատվությունը պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալիզմը կոծկելու ու սեփական սխալների համար պատասխանատվությունից խուսափելու լավագույն ճանապարհն է։ Հասարակությունը, իր ողջ «հմայքով», իշխանության հայելին է. ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ հասարակության դեմքն է, մի՛ դժգոհեք սեփական դեմքի արտահայտություններից»։