
Նախարարությունը գումար կխնդրի կառավարությունից, որպեսզի մարի պետպատվերի պարտքերը․ Hraparak

Առողջապահության նախարարությունը այս շաբաթ կառավարության հերթական նիստին դարձյալ գումար է ուզելու, որ կարողանա փակել պետպատվերով քաղաքացիներին բուժած բժշկական կենտրոների պարտքը։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս անգամ նախարարությունը պետբյուջեից 1 մլրդ 223 մլն դրամ է խնդրելու, որ լրացնի բացը։ Նշենք, որ նախարարությունը պետպատվերով բուժման գումարի՝ ժամկետից շուտ սպառման և ԲԿ-ներին պաչտք մնալու հանգամանքը բացատրում է դիմողների մեծ քանակով։
Առողջապահության նախարարությունից հաստատեցին, որ նշված գումարի չափով միջնորդություն է ներկայացվել կառավարությանը, որը պետք է հաստատման դրվի այս հինգշաբթի կայանալիք նիստին։ Նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Հասմիկ Մնացականյանը լրատվամիջոցին ասաց, որ այդ 1.223 մլրդ դրամը սոցիալապես անապահով խավին անվճար բուժօգնություն տրամադրելու նպատակով առաջացած ծախսերի գերակատարումը փակելու համար է։
«Ընդհանուր եղել է 4.5 միլիարդ գերածախսը, մաս-մաս տվել էին, մնացել էր վերջին 1.2 միլիարդը, որ մենք ամբողջությամբ ամբողջ պետպատվերը կատարենք ամբողջ միջոցառման շրջանակներում»,-ասաց տիկին Մնացականյանը։
Նա նշեց, որ այդ 4.5 միլիարդից 2 միլիարդը դեռևս տարվա սկզբին էր տրամադրվել, քանի որ իրենք ի սկզբանե էին կանխատեսել, որ գերակատարում են ունենալու, իսկ տակը մնացած 2.5 միլիարդի մի կեսը վերջերս են ստացել կառավարությունից, մյուս՝ վերջին մասն էլ այս նիստով կհաստատեն և վերջնական կմարեն պետության պարտքը բժշկական կենտրոններին, որոնք սպասարկել են կամ մինչև տարվա վերջ դեռ պետք է դեռ սպասարկեն սոցանապահով խավի ներկայացուցիչներին։
Նախարարության պաշտոնյան նաև շեշտեց, որ խոսքը միայն սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին պետպատվերով բուժօգնություն մատուցելու մասին է, ոչ այլ սոցիալական խմբերի՝ զինվորներ, հաշմանդամություն ունեցողներ, թոշակառուներ և այլն։