
«Ի՞նչ պատճառով են ինձ համարում «ոչ պիտանի» և ինչո՞ւ են ազատել աշխատանքից». ԱԻՆ-ի նախկին ծառայող

ԱԻՆ նախկին ծառայող Սերգեյ Ծատուրովը դիմել է MAMUL.am լրատվականին՝ բողոքելով, որ իրեն ապօրինի ազատել են աշխատանքից: Նրա խոսքով, կադրային ջարդը համակարգում վաղուց է. ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ ԱԻՆ տնօրեն է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը: Ներկայացնելով իր հետ կապված խնդիրը, արդեն նախկին հրշեջ-փրկարարը պատմում է, որ ընթացիկ բժշկական զննություն անցնելով «Նաիրի» ԲԿ-ում, անսպասելիորեն տեղեկանում է, որ ողնաշարի ճողվածք ունի: Թեև հիվանդությունն իրեն նեղություն չէր տալիս, սակայն նա, այնուամենայնիվ, որոշում է մեկ այլ բուժհաստատությունում վիրահատվել:
«Արձակուրդից հետո պետք է գնայի ծառայության և, անսպասելիորեն, ռազմաբժշկական փորձաքննություն նշանակեցին այն հիմքով, թե իմ մոտ առկա է ռադիկուլոպատիա (ողնաշարի ճողվածք): Ահա, հենց այդ ժամանակահատվածում էլ կրքերը բորբոքվեցին»,- ասում է Ս. Ծատուրովը:
Նրա խոսքով՝ եզրակացության մեջ նշված են այն հիվանդությունները, որոնք արդեն բուժվել են և չեն համապատասխանում այսօրվա իր առողջական վիճակին. «Ազատման համար հիմք են ընդունել հանձնաժողովի նախագահ Կարեն Աթոյանի ներկայացրած հիվանդության տեղեկանքը:
Թե հանձնաժողովն ինչու է նման անհեթեթ եզրահանգման եկել, կարծում եմ ակնհայտ է՝ ծառայության պետը ցանկացել է ամեն կերպ ազատվել ինձնից։ Ի վերջո, նման տարօրինակ ախտորոշումից հետո դիմել եմ մի քանի բժշկական կազմակերպությունների՝ ճշտելու իմ մոտ առողջական խնդիրների առկայության և առհասարակ, ֆիզիկական վիճակիս մասին, սակայն ստացած պատասխաններից պարզ է դարձել, որ ես փրկարար ծառայության հանձնաժողովի եզրակացության նշած հիվանդությամբ չեմ տառապում, նման խնդիրներ իմ մոտ առկա չեն և ես չունեմ ծառայությանը ոչ պիտանի ճանաչվելու որևէ հիվանդություն։
Միաժամանակ հիմք ընդունելով 06.09.2021թ. Էրեբունու ԲԿ-ի նյարդաբանի վերջնական եզրակացությունը՝ ողնաշարի ողնասյան գոտկասրբանային հատվածի վիրահատության մասով, ախտորոշման պահին սուր նյարդական պաթոլոգիան բացակայում է: Այսպիսով, ռազմաբժշկական հանձնաժողովն իր նախագահի հետ միասին սխալվել է, երբ տեղեկանք է հատկացրել տնօրենին՝ կապված իմ առողջության հետ. ռադիկուլոպատիան բացակայում է իմ մոտ, որը անգամ փաստում է ՄՌՏ-ի պատասխանը։ Նյարդային և առողջական խնդիրներ ես ևս չունեմ, քանի որ բուժվել եմ` ստանալով համապատասխան ստացիոնար և ամբուլատոր բուժում»,- պատմել է զրուցակիցը։
Սերգեյ Ծատուրովը ԱԻՆ ՓԾ-ում աշխատել է շուրջ 12 տարի: Օգոստոսի 31-ից արդեն գործազուրկ հրշեջ-փրկարարն այդպես էլ չի կարողանում հասկանալ՝ ի՞նչ պատճառով են իրեն համարում «ոչ պիտանի» և ինչո՞ւ են իր ազատման հրամանը ստորագրել, երբ դրա համար հիմնավոր պատճառ չկա: «Իմ բողոքը անօրինական հրամանի դեմ է»,- ասել է Ս. Ծատուրովը` հավելելով, որ ամեն ինչ անելու է արդարությունը վերականգնելու համար:
«Նախարարին վերադաս բողոք եմ ներկայացրել՝ կցելով բժշկական բոլոր հետազոտությունները, նաև մարդասիրական զեկուցագիր եմ գրել. առայժմ ոչ մի արձագանք չկա...ես պատրաստ եմ անցնել բժշկական կոմիսիա, բայց ո՛չ ԱԻՆ-ի պոլիկլինիկայում, քանի որ վերոնշյալ անձնավորություններն ուղղորդվում են վերադասի ցուցումներով»,- պնդել է նա։
Սերգեյ Ծատուրովը հույս ունի, որ կուսումնասիրեն փաստաթղթերը և իրեն կվերականգնեն նախկին աշխատանքում, եթե ոչ՝ դիմելու է դատարան:
Նշենք, որ Սերգեյ Ծատուրովը որպես բարեխիղճ ծառայող, նաև պատվոգրերի և շնորհակալագրերի է արժանացել: