Հասարակություն

Ֆեյսբուքում հայհոյանքի փաստով Քննչական կոմիտեում քրգործ կա հարուցված․ NEWS

Ֆեյսբուքում հայհոյանքի փաստով Քննչական կոմիտեում քրգործ կա հարուցված․ NEWS

Հայհոյանքը քրեականացնող օրենքի ուժի մեջ մտնելուց մինչ օրս քննչական կոմիտեում ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ մեկ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունից։

 

Քրեական գործը հարուցվել է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում՝ ՔՕ 137.1–րդ հոդվածի 2-րդ մասի 1–ին կետի հատկանիշներով։ Հիշյալ հոդվածը վերաբերվում է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելուն, որը՝ կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով։ Նշված հանցագործությունը պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

ՔԿ–ից նաև տեղեկացրին, որ քրեական գործով նախաքննության տվյալ փուլում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

 

Մեր տեղեկություններով՝ քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսացել անձի հաղորդումը՝ կապված ֆեյսբուքում իրեն հայհոյելու հետ։ Խոսքը հասարակ օգտատերերի մասին է և չի առնչվում պաշտոնատար անձանց։

Հիշեցնենք, որ հայհոյանքը քրեականացնող օրենքի փոփոխությունն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 31–ին։

Քրեական օրենսգրքում լրացվել է հոդված 137.1-ը, որը վերաբերում է ծանր վիրավորանքին։ Այս հոդվածով նախատեսված արարքները պատժվում են տուգանքով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250