
Քաղաքացին մետաղյա ճաղերով փակել է հարևանի տան մուտքը

Արդեն քանի օր է Երևան քաղաքի Չոլակյան 22 տան բազմազանդամ ընտանիքի անդամների համար փակվել է իրենց տուն մտնելու համար հիմնական մուտքի դուռը: Այդ քայլի հեղինակը ըստ ընտանիքի անդամների իրենց հարևան Նառա Ասլանյանն է, ով փորձում է տիրանալ այդ հողակտորին, որը կադաստրային քարտեզով համարվում է ընդհանուր օգտագործման տարածք: Sհamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում տան սեփականատերը՝ Լիլյա Գևորգյանը, մետաղյա ճաղերի այն կողմից, ասաց, որ իրենք խնդրի վերաբերյալ դիմել են տարածքային ոստիկանության բաժին, Երևանի քաղաքապետարան, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց միայն քաղաքապետարանից են այսօր ներկայացուցիչներ եկել, սակայն ոչ մի հուսադրող պատասխան չեն տվել, իսկ մյուսները կամ խոնարհաբար լռում են, կամ էլ ջայլամի քաղաքականություն են վարում: Ըստ մեր զրուցակցի նման բան եղել է մեկ տարի առաջ էլ, սակայն այն ժամանակ իր երջանկահիշատակ ամուսինը ճաղերը պոկել ու բացել է ճանապարհը, ինչի համար էլ նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել: Տանտիրոջ որդին էլ հավելեց, որ իրենց տիկին Նառան ասել է իբր բոլորը տեղյակ են և ինքը ինչ ուզի կարող անել: Նրանք խնդրեցին իրավապահ մարմինների անհապաղ արձագանքը, քանի դեռ բետոնապատում չի կատարվել: