Հասարակություն

Հայտնի է, թե Հայաստանում քանի համայնք կլինի վերջնական բաժանման արդյունքում

Հայտնի է, թե Հայաստանում քանի համայնք կլինի վերջնական բաժանման արդյունքում

Վարչատարածքային վերջնական բաժանման արդյունքում Հայաստանում կլինի 78 համայնք։ Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ։ 

«78 համայնքներից 71-ը կլինեն միավորված, 1-ը կլինի Երևանը, 6-ը չմիավորված համայնքներ կլինեն, որոնցից մեկը կլինի Գյումրին, ևս 5-ը ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն են, որոնց գոնե այս պահին չենք անդրադարձել»,– ասաց Տերտերյանը։ 
Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։ ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։ 

Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք: Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։ 
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք: Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ 
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250