Ջորջ Սորոսը պետք է, որ «սուպերմենը» լինի, խեղճն ամեն ինչի համար, փաստորեն, պատասխանատու է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

«Անկեղծ ասած, ինձ համար դա անհասկանալի է։ Ջորջ Սորոսը, երևի, պետք է, որ «սուպերմենը» լինի։ Ամենուր է, ամեն ինչ ինքն է անում։ Կարծում եմ՝ նա դարձել է շատ հարմար գործիք այն մարդկանց համար, ովքեր իսկապես որևէ կերպ չեն կարող սկզբունքների շուրջ բանավիճել կամ ազնիվ բանավեճի մեջ մտնել տարբեր կարծիքների շուրջ։ Շատ ավելի հեշտ է փոխարենը ասել՝ այ, կա ինչ-որ մի թաքնված, ծպտված կերպար՝ Ջորջ Սորոսն է դա, ով լարախաղացի նման խաղացնում է ամեն ինչ և կուլիսների հետևում է, փոխանակ նայենք մեր աչքի առաջ եղած իրականությանը։ Խեղճ Ջորջ Սորոսը ամեն ինչի համար, փաստորեն, ասում են՝ պատասխանատու է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով կարծիքներին, թե Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներ արհեստականորեն ստեղծվել և կառավարվում են Ջորջ Սորոսի և նրա հիմնադրամների կողմից։ Դեսպանը կարծիք է հայտնել, թե ընթացող պրոցեսները մեղքը «ինչ-որ մի ստվերային, անտեսանելի կերպարի» վրա գցելը, օրակարգում առկա խնդիրների լուծումը կամ չլուծված մնալը նրան վերագրելը ճիշտ չէ։ «Որքան ես գիտեմ, պարոն Սորոսը հիմնադրամ է ղեկավարում, որը զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարությանը աջակցելով։ Ես կարծում եմ, որ դրա մեջ որևէ չարամիտ բան չկա։ Շատ շատերը հետաքրքրված են աշխատել կառավարությունների հետ, փորձել աջակցել, ամրապնդել, ուժեղացնել հասարակության ժողովրդավարական կառույցները, քաղաքացիական հասարակությունը, որը առողջ, ուժեղ ժողովրդավարության շատ կարևոր բաղադրիչ է։ Մենք, անշուշտ, Հայաստանում աշխատում ենք քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ և շատ հպարտ ենք, որ այդպես ենք վարվում։ Առեղծվածային կամ անբացատրելի ոչինչ այդտեղ չկա, քանի որ մենք ունենք միասնական, ընդհանուր որոշակի արժեքներ։ Մասնավորապես՝ մարդիկ ուզում են ունենալ թափանցիկություն կառավարությունում, հաշվետու գործելակերպ կառավարության կողմից։ Ուզում են շանս ունենալ՝ որոշումները կայացնելու ազատ և արդար․ թե ով է ղեկավարելու իրենց կառավարությունը։ Այստեղ է, որ ԱՄՆ-ը և Հայաստանը շատ կուռ համագործակցության դաշտ ունեն և ընդհանուր շահեր», - ասել է Լին Թրեյսին։

Քաղաքականություն