Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում որևէ փոփոխություն չկա․ Ավանեսյանը մանրամասնում է

Հակառակորդի սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինվորները գտնվում են հոսպիտալում, լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում որևէ փոփոխություն չկա։

«Վիճակը մնում է ծայրահեղ ծանր», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ավանեսյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ խնդրելով դիմել Պաշտպանության նախարարություն։

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս հինգ զինծառայող վիրավոր է:

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:

Այսօր՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Ժամը 08։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Քաղաքականություն