Իշխանություն չկա, ընդդիմությունը քնած է, ժողովրդի պետքն էլ չէ․ Armdaily.am
Պատերազմը նոյեմբերի 9-ով չի ավարտվել, բաղձալի խաղաղություն չունեցանք անգամ «Արցախը հանձնելուց հետո»։ Սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մտածում էին, թե «Արցախը հանձնեցինք, վերջ, խաղաղություն կլինի, պատերազմը ավարտվել է»։
Հայաստանում ամեն օր տեղի ունեցող դեպքերը ապացուցում են հակառակը։ Երեկ ուշ երեկոյան եւ գիշերը Ադրբեջանի ինտենսիվ կրակոցները Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ապացուցում են, որ «թե բա Ալիեւը մեկ է կրակելու է, ով ուզում է լիներ իշխանության» թեզը քննադատության չի դիմանում, գրում է Armdaily.am-ը։
Լրատվականի վերլուծական հոդվածը ներկայացնում ենք ստորև․
Եթե իշխանություն ունենայինք, որը մեր երկիրը, մեր բանակը կհզորացներ, կզարգացներ, թշնամին չէր համարձակվի մայրաքաղաքից 70կմ հեռավորության վրա ականանետերից կրակել։
Եթե իշխանություն ունենայինք, վարչապետն իր տեղեկություններին չէր վկայակոչի եւ չէր հայտարարի, որ Ադրբեջանը նոր սադրանքներ եւ բախումներ է ցանկանում հրահրել։ Սեփական աղբյուրների վրա վկայակոչելով նման հայտարարություն անելը անգամ լրագրողին, խմբագրին վայել չէ, ուր մնաց վարչապետին...․։ Իսկ եթե իմացել են այդ մասին, ի՞նչ են ձեռնարկել...առհասարակ պատերազմից հետո սահմանների ամրացման աշխատանքներ արվել է, թե դեռ ձյունը սարերին չի հալել, իսկ որտեղ տարին 12 ամիս ձյուն է, այդ սարը մեզ պետք չէ։
Եթե իշխանություն ունենայինք, երեկ գիշերվանից այդ իշխանությունը հրատապ նիստեր կհրավիրեր, աշխատանքային խմբեր կձեւավորեր, կմեկներ Երասխ։
Ընդամենը օրեր առաջ «Իմ քայլի» պատգամավորները շապիկները պատռելով պաշտպանում էին ամսական 50 հազար դրաից փոխարեն 250 հազար դրամ «ձեռքի ծախս» ստանալու նախագիծը, որ ընտրողների հետ շփումները ինտենսիվ լինի։ Խնդրեմ, վեր կացեք եւ գնացեք Երասխ, այլապես միայն պրեմիաներ, բարձր աշխատավարձեր ստանալու համար չեն ձեզ ընտրել։ Գնացեք եւ ձեր ընտրողներին, չընտրողներին հանգստացրեք, զրուցեք նրանց հետ, տեսեք՝ ինչ է տեղի ունեցել, չէ՞ որ ընդամենը օրեր առաջ ֆեյսբուքում հպարտանում էիք, որ իշխանությունը ամենաշատ ձայնը ստացել է Արարատի մարզում։
Ի դեպ, նույնը վերաբերում է նաեւ ընդդիմությանը, երեկվանից Երասխի ուղղությամբ թշնամին կրակում է, իսկ ընդդիմությունը խորը քնի մեջ է, նույնիսկ ավանդական հայտարարություններից չի անում «դավաճան, թրքահպատակ» իշխանությունների մասին։ Թեեւ այլեւս պետք էլ չէ խոսել, պետք է գործել, գործել...։ Այսինքն՝ եթե իշխանությունը որոշել է Հայաստանը հանձնել, իսկ ընդդիմությունը որոշել է ամենօրյա ռեժիմով մեզ պատմել, թե ինչ վատն է իշխանությունը, ինչքան դավաճան է Նիկոլ Փաշինյանը, այդ ամենը մենք գիտենք, խնդրում եմ, ձեռքի հետ նաեւ հուշեք, թե ինչ անենք մենք՝ շարքային քաղաքացիներս՝ զինվենք, ինքնապաշտպանվենք, արտագաղթենք...։
Խնդրում եմ այստեղ չհակադարձեք, թե ընտրել եք, վայելեք, ես եւ հազարավոր քաղաքացիներ չենք ընտրել, նրանք, ովքեր ընտրել են, խորը մոլորության մեջ են, բայց ընդդիմությունը, ընդդիմադիր գործիչները իրավունք չունեն չարախնդալու այդ քաղաքացիների վրա, թե «ձեր ընտրած ապագան է, ապագա կա Երասխում»։
Վերջիվերջո, Հայաստանի պետականությունը եւ պետությունը մեղավոր չէ, որ հազարավոր մարդիկ նույն իշխանության եւ ընդդիմության պատճառով այդպես էլ խորը թմբիրից չարթնացան, թացը չորից չզատեցին...։ Բայց մենք բոլոր արթուններս, այս երկրի եւ հայրենիքի դարդուցավով ապրողներս, հասկանում ենք, որ այն, ինչ կատարվում է, սխալ է, վատ է, անվերադարձ է, ավաղ, ոչինչ չենք կարող անել...մենք մեզ զգում ենք անտեր եւ անօգնական, իսկ իրավիճակի լուծումները դառնում են օրհասական անհրաժեշտություն։ Եւ հենց անլուծելի իրավիճակներում եւ բարդ պայմաններում էլ ծնվում են հերոսները, որոնց բացառիկ նվիրման, իմաստնության շնորհիվ երկրներ են կառուցվում, բանակներ ստեղծվում զրոյից։