
Ուր են հոսում Արփի լճի ու Ախուրյան գետի ջրերը․Կառնուտի ջրամբարը ցամաքել է

Կառնուտի ջրամբարն օր-օրի ցամաքում է։ Մինչև 24 մլն խորանարդ մետր ջուր կուտակելու հնարավորությամբ ջրամբարում այս պահին մեռյալ ծավալից էլ քիչ ջուր կա՝ մոտավոր հաշվարկներով՝ հազիվ 2 մլն խորանարդ մետր։ Ջրամբարի մնացած տարածքն անապատ է հիշեցնում, անգամ կարելի է հանգիստ քայլել ճաքած հողային զանգվածի վրայով, որտեղ նախկինում ջրի մեծ ծավալ է եղել։ Այս մասին հայտնում է shantnews.am-ը։
Կառնուտի բետոնյա ջրատարում մի կաթիլ ջուր չկա, ջրատարն ամբողջ երկարությամբ չոր ու ցամաք է: Մինչդեռ այս սեզոնին Արփի լճից և Ախուրյան գետի ջրերով սնվող Կառնուտի ջրատարով պարտադիր ջուր է հոսել:Իսկ ջուրը մեկ, երկու կամ լավագույն դեպքում մեկ շաբաթում չի դատարկվել: Հունիսից Կառնուտի ջրամբարից սնվող գյուղացիական տնտեսությունների հողօգտագործողները բողոքում են ջրամբարում ջուր չլինելուց:
Այնինչ Արփի լճից Ախուրյան գետով ամեն օր հսկայական ծավալի ջուր է հոսում, բայց Կառնուտի ջրամբարը դատարկ է: Բենիամին գյուղում, բայց միայն տնամերձների համար, ջրի ճամփա գտել են։ Մանթաշի ջրամբարից ջուր են հասցրել վնասված բերքին։
Ոռոգման նորմալ ջուր կլինի, թե չէ հարցն արդեն գյուղացիներին չի հետաքրքրում, մեկ ամսում կորցրել են բերքն ու տարվա ապրուստը: Վարել են, ցանել, բայց ոռոգման ջրի բացակայության պատճառով զգալի կորուստներ են կրել: Մանթաշից հոսող ջուրը ժամանակավոր է, անսպառ չէ, մի երկու օրից դա էլ չենք ունենա՝ ասում են գյուղացիները: Առանց ոռոգելու , ժամանակից շուտ ստիպված են եղել նորմալ աճ չտեսած բերքն հավաքել:
Տնտեսություններից մեկը Բենիամինի վարձակալական հողերում գարնանացան գարի է մշակել, նվազ բերքը այլևս պիտանի չէ:Էլի Տասնյակ գյուղացիական տնտեսություններ կան, որոնք ժամանակից շուտ են հավաքել բերքը: Գյուղերի 7000 հեկտար հողերի մեծ մասին ոռոգման ջուր չի հասել, իսկ վնասներն ավելի քան 3000 հա ցանքատարածքներին է վերաբերում։ Ջրից բացի, բերքի կորստի պատճառ են եղել երաշտային պայմաններն ու ուժեղ քամիները։