Գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան

Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձին ուղղված աշխատանքները, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

«Այդ հարցը ՌԴ ղեկավարության և խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջնահերթություններից մեկն է։ Մեր դիրքորոշումը հայտնի է, այն հնչել է ի սկզբանե` «փոխանակում` բոլորը բոլորի դիմաց»։ Բայց կլուծենք այնպես, ինչպես հնարավոր է», – ասաց Կոպիրկինը։

 

Նրա խոսքով` այդ ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն։

 

Հավելենք, որ Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։ Ադրբեջանն ընդունում է, որ իր մոտ 45 հայ գերիներ կան։