Վահան Քերոբյանը ՌԴ-ում քննարկում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի Հայաստանում արտադրության հեռանկարը և ոչ միայն

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: 

 

Հուլիսի 5-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ՝ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսային հարթակում։

Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։

 

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին և 2020թ․-ին համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները։

 

Հայկական կողմը հրավիրել է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններին՝ որպես պոտենցիալ շահառուներ մասնակցություն ունենալ նոր ձևավորվող «Արարատ» արդյունաբերական պարկում, ինչպես նաև «Ինժեներական քաղաք» նախագծում։ Անդրադարձ է եղել նաև ռուսական ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում արևային պանելների արտադրության և երրորդ երկրներ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի Հայաստանում արտադրության հեռանկարների հետ կապված հարցերին։

 

Նույն օրը Վահան Քերոբյանը մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչեւ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում.նոր հեռանկարներ» խորագիրը:

«Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 43.000 այցելուներ, 600 արդյունաբերական ընկերություններ։

 

Քաղաքականություն