
Կրակոցներ չեն լսվել, մենք էլ վար ենք անում, որ ցորենը ցանենք․ Վերին Շորժայի համայնքապետ

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանի դիտարկմամբ՝ Վերին Շորժայի սահմանային հատվածում իրավիճակը մնում է անփոփոխ՝ ադրբեջանական զինված ուժերը նույն կերպ տեղակայված են սահմանին։ «Ոնց գիտեք, նույն ձև իրենք նստած են, մենք էլ իրենցից 500 մ հեռավորության վրա ենք»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Վերին Շորժայում հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ զինծառայող վիրավորվել է։ Այս մասին պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Համայնքի ղեկավարը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, թե կրակոցի ձայներ չեն լսել, իսկ գյուղում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, հողն են մշակում՝ ցորեն ցանելու համար։
«Այս պահին մենք վար ենք անում, որ ցորենը ցանենք։ Դաշտում աշխատում են ժողովուրդը։ Ես էլ հիմա դաշտում եմ, տրակտորը աշխատում է, վար ենք անում, ամրաներկ ենք անում, որ մի ամսից ցորենը ցանենք»։
Հետաքրքրվեցինք, արդյոք Սյունիքի նման, այստեղ ևս ադրբեջանական կողմը փորձում է խոչընդոտել գյուղացիների աշխատանքին, համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ այս պահին դեռ խնդիրներ չեն ունեցել։
«Մինչև հիմա մենք նման խնդիր չունենք։ Հետագայում չեմ կարող ասել ինչ կլինի։ Տրակտորն աշխատում է իրենցից մոտ 500 մետր հեռավորության վրա»։
Երանոսյանը նշեց, որ մի շարք գյուղացիներ անասնապահությամբ այս պահին չեն կարողանում զբաղվել, քանի որ կորցրել են արոտները։
«Անասուններն արածացնելու տեղը սպառվում է, գյուղացիները նստած են, չեն կարողանում արածացնեն կենդանիներին, դա է խնդիրը»,- ասաց համայնքապետը։