
Քննարկվել է փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ թեմաների, քննարկել է փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը, հաղորդում է ТАСС-ը:
«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստան ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձի հարցը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Լավրովն, ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության, ՄԱԿ-ի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել սիրիացի փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի ուղղությամբ միջազգային ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը: