Եվս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Մատաղիսի հատվածում

Մարտակերտի շրջանի Մատաղիսի հատվածում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 
«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
Աճյունը տարհանվել է։ Նշենք, որ ռազմական գործողությունների հետևանքով Մարտակերտի շրջանի Մատաղիսի հատվածն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: