
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կալանավորվել է` ընտրակաշառքի վերաբերյալ քրգործի շրջանակներում

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գայանե Պապոյանը՝ հավելելով, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը՝ ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
Հունիսի 20-ին՝ քվեարկության օրը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը՝ այդպիսով կայացնելով ակնհայտ անհիմն որոշում, քանի որ Գոռ Սեդրակյանին կարող էին ձերբակալել միայն ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ առանց ԿԸՀ համաձայնության կարող են ձերբակալել բացառապես այն դեպքում, երբ անձը բռնվել է հանցանքը կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստին պաշտպանության կողմը բարձրացրել է նշված հարցը, սակայն դատարանը գտել է, որ անձեռնմխելիության հաղթահարման անորոշություն չի եղել, քանի որ անմիջապես հետո է բռնվել, մինչդեռ՝ փաստաբանի դիտարկմամբ դա իրականությանը չի համապատասխանում։ Նրա խոսքով՝ քննիչի կողմից ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ Սեդրակյանին վերագրվող արարքը կատարելիս կամ դրանից հետո չի բռնվել, քանի որ քրեական գործը հարուցվել է հունիսի 16-ին։ Պապոյանի խոսքով՝ քրեական գործի հարուցման որոշման նկարագրական մասի համաձայն՝ ենթադրյալ հանցավոր արարքն ավարտին է հասցվել հունիսի 14-ին, Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է հունիսի 19-ին և հունիսի 14-19-ի դրությամբ Գոռ Սեդրակյանի կողմից առերևույթ իրեն վերագրվող հանրորեն վտանգավոր արարքի կատարման վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել։
«Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը ևս հիմնավորում է, որ արարքն ավարտվել է հունիսի 14-ին, գործը հարուցվել է 16-ին, իսկ ձերբակալվել է հունիսի 19-ին։ Ինչպե՞ս է ստացվել, որ անմիջապես ձերբակալվել է»,- նշեց Պապոյանը՝ հավելելով, որ որոշումն անհիմն է և կբողոքարկվի։
Մինչ կլրանար Գոռ Սեդրակյանի ձերբակալման 72 ժամը, դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատազրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Վարույթ իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Գոռ Սեդրակյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից բավարարվել է։
Փաստաբան Գայանե Պապոյանի փոխանցմամբ՝ Գոռ Սեդրակյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պնդելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը կապված է իր քաղաքական գործունեության հետ։