Աշխարհի ավելի քան 90 երկրում արդեն տարածվել է Հնդկաստանում հայտնաբերված COVID19-ի նոր տեսակը

Աշխարհի ավելի քան 90 երկրում արդեն տարածվել է Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության՝ «Դելտա» (Delta) անվանումը ստացած նոր տեսակը, ինչը անհանգստացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Վան Կերկհովեն:

 

«Այս պահին մենք գիտենք, որ 92 երկրում վարակի նոր տեսակ «Դելտա»-ն տարածված է: Այս տեսակը շատ արագ է փոխանցվում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ վարակի նոր տեսակը անհանգստացնում է ԱՀԿ-ին, քանի որ այն շատ ավելի արագ է տարածվում աշխարհով մեկ: Միևնույն ժամանակ, ԱՀԿ ներկայացուցիչը շեշտել է՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ մինչև օրս հայտնաբերված պատվաստանյութերը արդյունավետ են վարակի այս նոր տեսակի դեմ պայքարելու համար, ինչպես կորոնավիրուսի մյուս շտամների դեպքում:

 

«Ինչ վերաբերում է COVID19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությանը, ապա մենք գիտենք, որ վարակի բոլոր շտամների, որոնք ևս անհանգստացնող են մեզ համար, այդ թվում՝ «Դելտա» տեսակի դեմ պատվաստանյութերը արդյունավետ են, այսինքն՝ կարող են կանխարգելել վարակի հետևանքով ծանր դեպքերը և մահացությունները: Սա լավ ցուցանիշ է»,- նշել է նա:

Մարիա Վան Կերկհովեն ընդգծել է նաև՝ հիվանդության դեմ պայքարելու միակ տարբերակը դրա դեմ պատվաստվելն է, և կարևոր է, որ մարդիկ ստանան պատվաստանյութի երկու դեղաչափերն էլ:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե «Դելտա» տեսակը ավելի մահացու է, քան COVID-19-ի այն բոլոր շտամները և տեսակները, որ հայտնաբերվել են մինչ օրս, ԱՀԿ ներկայացուցիչը նշել է՝ այդ մասով տվյալներ չկան, ԱՀԿ-ն պետք է դեռևս ուսումնասիրի վարակի նոր տեսակը:

Աշխարհում այժմ տարածված է կորոնավիրուսային հիվանդության 4 շտամ, որոնց ԱՀԿ-ն անվանել է ըստ հունական այբուբենի: Բրիտանական շտամը, որը տարածվեց 2020 թվականի նոյեմբերից, ստացել է «Բետա» անվանումը, 2020 թվականի դեկտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածված շտամի անվանումը «Ալֆա» է,«Գամա» անվանումը ստացել է այս տարվա մայիս ամսին Բրազիլիայում հայտնաբերված բրազիլական շտամը, վերջին օրերի ընթացքում Հնդկաստանում հայտնաբերված նոր տեսակն էլ ԱՀԿ-ն անվանել է «Դելտա»:

Քաղաքականություն