
Զինծառայողների ուղղորդված քվեարկության հետ կապված բազմաթիվ ահազանգեր ենք ստանում. Ռուբեն Մելիքյան

Զինծառայողների ուղղորդված քվեարկության հետ կապված բազմաթիվ ահազանգեր ենք ստանում։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան, ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Ռուբեն Մելիքյանը։
«Սպաները զինծառայողներին ստիպում են, որ նրանք քվեարկեն իշխող քաղաքական ուժի համար։ Խայտառակության ամենաբարձր կետն է։
Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու փոխեցին հատկապես Մեհրաբի, Մեղրու գնդերի հրամանատարներին։ Այսինքն դա ոչ թե ռազմական անհրաժեշտություն է եղել, այլ քաղաքական նպատակ է հետապնդել»,-նշեց Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ ոստիկանների հետ կապված նույնպես նման ահազանգ են ստացել։
Անդրադառնալով քվեաթերթիկների հետ կապված խնդիրներին՝ Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ որոշ տեղամասերում քվեաթերթիկներից մեկը չափերով մեծ էր և չէր տեղավորվում ծրարի մեջ. «Երբեմն նաև չեն տալիս կոնկրետ քվեաթերթիկներ։ Երբ ռեյթինգային ընտրակարգը հանվեց, խայտառակություն էր ուղղակի այս կարգը պահպանելը, որ 26 հատ քվեաթերթիկ են հաշվելով տալիս»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի վերաբերյալ քաղաքում տարածված հակաքարոզչական թռուցիկներին, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենց ստացած տեղեկություններով դրան մասնակից են եղել նաև որոշ հանրային ծառայության մեջ գտնվող անձիք, որոնք գիշերը մաքրում են քաղաքը. «Կոնկրետ ահազանգեր ենք ստացել այն մասին, որ երեկ գիշերը ժամը 2-3-ի սահմաններում ՔՊ-ի գրասենյակներից մեկում մտել է անձ, ոը ստացել է տրցակը, և այդ անձը հանդիսանում է մաքրուհի»,-նշեց Ռուբեն Մելիքյանը։