
Քվեարկությունն ավարտված է. Հայաստանում փակվել են բոլոր ընտրական տեղամասերը

Հայաստանում ժամը 20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը, քվեարկությունն ավարտված է: Այժմ մեկնարկելու է ձայների հաշվարկը, որի արդյունքները վերջնական հայտնի կդառնան վաղը:
Ընտրություններին մասնակցում էր 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրական ցուցակներում ընդհանուր առմամբ 2510 թեկնածու է ընդգրկված:
Ընտրությունների անցկացման համար ՀՀ տարածքում ձևավորվել է 2008 ընտրական տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում: Բոլոր ընտրական տեղամասերը բացվել են սահմանված ժամին՝ առավոտյան 8:00-ին:
Ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվել է տեխնիկական սարքավորումների միջոցով, ՀՀ տարածքում ընտրատեղամասերին հատկացվել է 4006 նման սարքավորում, որոնք բոլորը ժամը 8-ի դրությամբ գործարկվել են:
Գործընթացը լուսաբանելու համար հավատարմագրվել էր օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոց։
Դիտորդական առաքելություն է իրականացրել միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություն։