«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության հրապարակման առթիվ հարուցվել է քրգործ․ «Փաստինֆո»

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին առերևույթ սպառնալու և ընտրություններին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ ձայնագրության հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։ 

Նշենք, որ այսօր փաստերի ստուգման հարթակը հրապարակել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։

Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Դատախազությունը նշված ձայնագրության վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման։

ՀՔԾ-ից հայտնեցին, որ Դատախազության կողմից ուղարկված նյութերը ևս կցվել են քրեական գործին: