
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն հայտնել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, նպատակ ունենալով Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Վերիշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի: