
Հայրենիքը սակարկության առարկա չէ. Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանին

Հոգևորականությունը ժողովրդին տեր է եղել և տեր էլ մնալու է մշտապես: Ես չգիտեմ իրենց գլխում ինչպե՞ս են դրանք բաժանված, բայց մեր օրինակը մեր Տիրոջ օրինակն է, որը տեր էր իր ծառայությամբ մշտապես: Մեր կյանքում տեր լինելը հենց ծառայությունն է, ինչպես ես, այնպես էլ ողջ հոգևորականությունը, տեր ենք եղել մեր ժողովրդին և միշտ էլ տեր ենք լինելու: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզում հայտարարել էր.«Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան՝ մինչև էլիտաները, հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տեր չեք, ծառա եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր: Դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք ժողովրդին: Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թույլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան»:
Հարցին՝ արդյո՞ք նման հայտարարություններով երկրի ղեկավարը հասարակությանը և հոգևորականությանը չի՞ պառակտում, Բագրատ Սրբազանն ասաց, որ երկրի ղեկավարը իր ողջ ջանքերով չի կարող պառակտում մտցնել ժողովրդի և եկեղեցու միջև.
«Ավելորդ գրգռումները կամ քաղաքական նպատակներին ծառայող, ընտրարշավային տրամադրությամբ հայտարարությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, դա ավելի է խորացնելու ժողովրդի մեջ առկա թշնամանքն ու ատելությունը, որի կարիքը մենք չունենք, իսկ նման ոճով, հայհոյախառն հայտարարություններով ինքնարդարացում գտնելու փորձերը դատապարտելի են»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը:
Արձագանքելով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որ մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ և անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, Բագրատ Սրբազանն ասաց, որ հայրենիքը որևէ կերպ սակարկության առարկա չի կարող լինել.
«Սա անարժանապատվության և անպատվության բարձրագույն աստիճան է, պարտված, ծնկած լինելու ցուցիչ է: Հայրենիքը սակարկության առարկա չի կարող լինել ոչ մի կերպ: Սա է ցուցիչը՝ ով է տեր, ով է ծառա:Հայրենիքը սակարկության առարկա չէ, կարող եք, գնացե՛ք, Արծվաշենը ետ բերեք: Խնդիրն այն է, որ այսօր էլ չեն խոսում Արցախի մասին, Արցախի ճակատագրի մասին: Արցախի մասին անգամ խոսք չկա, ի՞նչ անկլավ: Որևէ մեկն իրավունք չունի հայրենիքի սակարկելու, սա ուղղակի պարտվածի և ձախողվածի հոգեբանություն է:Նման սակարկություն անելու իրավասություն որևէ մեկը մեր ժողովուրդը չի տվել»,-ասաց Բագրատ Սրբազանը: