ԵՄ–ն պատրաստ է 3 մլն եվրո տրամադրել Հայաստանին «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց

Եվրոպան պատրաստ է 3 մլն եվրո տրամադրել Հայաստանին «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված աջակցության համաձայնագիրը։ 

Ֆինանսավորման համաձայնագրի նպատակն է խթանել «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը, ինչպես նաև աջակցել հայկական կոնյակի նոր անվանումով արտահանմանը և արտաքին շուկաներում դրա մրցունակ դիրքի պահպանմանը։ 
«Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններից է հայկական կոնյակի անվանման օգտագործումը դադարեցնելու և նոր անվանումը խթանելու համար լիազորված համապատասխան մարմինների համար կարողություննների զարգացումը, նոր ապրանքանիշի մշակումը` հիմնված ընթացիկ նախաձեռնությունների ուսումնասիրության և գնահատման, տեղական ու արտահանման ավանդական շուկաների համար նախատեսված շուկայահանման պլանի հիման վրա՝ ներառելով ապրանքանիշի դիրքավորումը, գաղափարախոսությունը, պատմության ներկայացումը, անվանումը, կարգախոսը, տարբեր թիրախային շուկաների համար գովազդային արշավի ճանապարհային քարտեզը և այլն»,– ասված է կառավարության ընդունած որոշման հիմնավորումներում։ 
Ծրագիրը ֆինանսավորվելու է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի իրականացման վերահսկողությունը դրվելու է Հայաստանում ԵՄ պատվիրակության ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վրա։ 
Հիշեցնենք` «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։ 
Ի դեպ, նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչև 2043 թ-ը։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ