ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Սյունիքի մարզի սահմանամերձ շրջանների իրադրության զարգացման մասին

ԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է հետեւել հայ-ադրբեջանական սահմանի, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ շրջանների իրադրության զարգացմանը: 

Նա նշել է, որ կազմակերպությունը ողջունում է կողմերի` պետական սահմաններին վերաբերող հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունը։ 

«Մենք տեսնում ենք, որ այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար կա, միաժամանակ պահպանվում են իրավիճակի սրման ռիսկերը», - հավելել է Զասը։ 

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմական գործողությունների դադարեցումից հետո անցած կես տարվա ընթացքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում դրական տեղաշարժեր են նկատվում իրավիճակի կարգավորման առումով: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահ է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերսկսման ուղղությամբ միջազգային բանակցողների ջանքերը հիմք են ստեղծում երկարատև խաղաղություն հաստատելու համար: 

««Դաշտում» իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Կարևորն այն է, որ այլևս չեն կրակում», - ընդգծել է նա։