Բանակի զինվորը երբևէ ինչ-որ բան չի ճանկռտել․ Սեյրան Օհանյան

Մեր բանակը երբևէ սոված չի եղել, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով բանակի մասին իշխանության ձևակերպումները՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:

Նա իշխանության ձևակերպումները համարում է հարված՝ սեփական բանակին:

«Հարց կարող են ուղղել իրենց ցուցակում ընդգրկված մարդկանց, ովքեր երկար տարիներ զբաղվել են բանակի նյութատեխնիկական ապահովման խնդիրներով: Համոզված եմ, որ նրանք կփաստեն՝ բանակը սոված չի եղել: Բանակի զինվորը երբևէ ինչ-որ բան չի ճանկռտել», - նշեց Օհանյանը:

Նա ընդգծեց, որ սննդի բարելավում է եղել և մշտական տեղակայման վայրում, և մարտական հերթապահությունում:

«Համեմատություններ են անում նախկին և այսօրվա աշխատանքի միջև, հատկապես ինժեներական աշխատանքի ու բանակի սպառազինության ու ռազմական տեխնիկայով համալրան: Ինձ համար անհասկանալի տոկոսներ են նշում՝ 20-6000 տոկոս: Սա մանիպուլյացիա է՝ սեփական ժողովրդին շփոթեցնելու, մոլորեցնելու համար», - ասաց Օհանյանը:

Նրա խոսքով՝ եթե ներկայիս իշխանությունները իշխանության չլինեն, բանակն ավելի արագ տեմպերով կվերականգնի իր երբեմնի համբավը: