Այս իշխանությունը ջանացել է մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում․ Սերժ Սարգսյան

«Այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին։ Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ՝ հայրենիքի համար այս ծանր օրերին և մենք ընդունեցինք մարտահրավերը ու պատրաստ ենք «վերջին զարկը» տալու հանուն Հայաստանի ապագայի»,- Այս մասին հայտնեց ՀՀ երրորդ նախագահ, «Հանրապետական» կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ «պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ։

Սարգյսնաը նշեց, որ ըստ արարողակարգի առաջինը ելույթ պետք է ունենար ինքը, բայց դաշինքը առաջնորդում է Արթուր Վանեցյանն ու ուստի ամենուր պետք է առաջինը Արթուր Վանեցյանը լինի, իսկ Սարգսյանը իր խորհուրդներով ու փորձով կանգնած է բոլորի թիկունքին։
Սարգսյանը նշեց, որ ապագայի պատկերացումներով առաջիկա օրերին կներկայանան ժողովրդի դատին, կշրջեն ՀՀ տարածքով, հավելելով, որ վճռական են տրամադրված։

«Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ, այս անգամ, ցավոք, ընտրությունը պետություն ունենալ և չունենալու միջև է, վերջին շանս ստանալու համար է։ Չեմ ուզում իմ թռնիկները, կամ ձեր զավակները իրենց տանը՝ Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանան լճի պատկերները՝ որպես կորուսյալ հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ»։
Սերժ Սարգսյանը հավելեց, որ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ հայրենի հողի համար իրենց կյանքը տված հերոսները նույն հողում խաղաղ ննջելու հնարավորություն չեն ունենա։

«Այս իշխանությունը ջանացել է մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում ու դատապարտվենք դանդաղ մահվան և հիմա այդ վիճակում ենք»։

Սարգսյանը նշեց, որ առաջիկա ընտրությունները մահը հաղթելու հնարավորություն է, ապա հավելեց, որ այս օրերին երբեմն նկատվում է, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել։

Սերժ Սարգսյանը նշեց՝ պետք է անկարևոր համարել ամեն ինչ, բացի պատերազմի ելքը մեր օգտնին պտտելով.

«Ուստի բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ խրամատում կկանգնեն մեր կողքին՝ այս պահից սկսած, այլ ոչ թե կզգան մեր հաղթանակի հոտը, իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի զանգվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։