ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանը դատախազության մոտ հարվածներ է հասցրել քաղաքացուն

Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես ոստիկանը մի քանի անգամ հարվածում դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից մեկին՝ Հայկ Հեքիմյանին։ 
Մինչդեռ, հենց նրան է մեղադրանք առաջադրվել, իբր, ծառայողական պարտականություններն իրականացնելիս ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի զարմիկի՝ Հայկ Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ 
Ըստ նախաքննական մարմնի՝ Հեքիմյանն ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ ոստիկանության ծառայողին հարվածել է։ մեղադրանք է առաջադրվել ՀՀ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ 
Մինչդեռ, հրապարակված տեսանյութում երեւում է, որ նախ ոստիկանն է երեք անգամ հարվածում Հ.Հեքիմյանին, ինչից հետո վերջինս ինքնապաշտպանվում է։ Նկատենք, որ ոստիկանության ծառայողներին քաղաքացուն հարվածելու իրավունք վերապահված չէ, հետեւաբար նման գործողությունը չի կարող գնահատվել որպես ոստիկանի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարում, որի ժամանակ էլ, իբր, նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ 
Փաստաբան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ Հ.Հեքիմյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այն հասել է վերաքննիչ քրեական դատարան, սակայն դեռ չի մակագրվել։ 
Նշենք, որ Հեքիմյանը ձերբակալվել էր ապրիլի 23-ին՝ ջահերով երթից առաջ, ըստ նախաքննական մարմնի՝ փախուստը կանխելու համար, մինչդեռ՝ փաստաբանի փոխանցմամբ ապրիլի 22-ին Հեքիմյանը շուրջ 2 ժամ շարունակել է գտնվել ՀՀ գլխավոր դատախազության շենքի տարածքում։ Դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Հեքիմյանի ձերբակալությունը և ազատ արձակել նրան, սակայն վարույթ իրականացնող մարմինը շտապել է մեղադրանք առաջադրել նրան և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը, փաստորեն բավարարվել է։