Գագիկ Ջհանգիրյանը կոտրել է աշխատասենյակի կապարակնիքը եւ ներխուժել Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ
Ցանկացած անձ, որը կարող է մտնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակ, դա բացառապես ԲԴԽ նախագահն է, այլ ոչ թե ժամանակավոր պաշտոնակատարը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամակավորապես կասեցված) Ռուբեն Վարդազարյանը։
Նշենք՝ քիչ առաջ ArmDaily.am-ին գրել էր, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը կոտրել է աշխատասենյակի կապարակնիքը եւ ներխուժել Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ։
Վարդազարյանն ասաց, որ ԲԴԽ խորհուրդ չի գնում. «Իմ առանձնասենյակը կապարակնքված է։ Ցանկացած անձ, որը կարող է մտնել այդ սենյակ, դա բացառապես ԲԴԽ նախագահն է, այլ ոչ թե ժամանակավոր պաշտոնակատարը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ աշխատասենյակը եւ ծառայողական մեքենան ԲԴԽ նախագահինն են։ Եթե ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցված են, ապա նա էլ իրավունք չունի օգտվել եւ՛ ծառայողական մեքենայից, եւ՛ աշխատասենյակից։ Այդ իրավունքից չի կարող օգտվել նաեւ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը»։
Նա նշեց, որ դա պետք է մնա այդպես այնքան ժամանակ, մինչեւ ԲԴԽ նախագահ ընտրվի։
«Ցանկացած գործողություն կապված այդ աշխատասենյակի հետ, եթե փորձեն կապարակնքումը պոկել եւ ներխուժել, հետագայում դառնում է քրեորեն հետապնդելի արարք»,- նշեց Վարդազարյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված քրեական գործի առկայությամբ, իսկ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...