Անհնար է պատիվ պահանջել մի անձից, ով կորցրել է սեփական պատիվը. Վանեցյանը հրաժարվել է Փաշինյանի ու նրա խոսնակի դեմ հայցից

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի դեմ ներկայացրած դատական հայցից։

Ըստ դատարանի՝ հայցվորի ներկայացուցիչները ներկայացրել են գրավոր դիմում, համաձայն որի՝ հայտնել են, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների լույսի ներքո, երբ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը խայտառակ պարտություն կրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ, որով դավաճանեց Հայաստանի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին, բարոյական առումով անհնար է պատիվ պահանջել մի անձից, ով կորցրել է սեփական պատիվը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ, 48-րդ և 149-րդ հոդվածներով՝ սույն գործով հայցվոր Արթուր Վանեցյանն ամբողջությամբ հրաժարվում է Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացված իր հայցապահանջներից։

Դատարանն, այսպիսով, որոշել է կարճել գործի վարույթը։

Հիշեցնենք՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում անդրադարձ կար նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, թե իբր՝ «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Դրանից հետո Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

 

«Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, կպատրաստվի ու դատարան կներկայացվի համապատասխան քաղաքացիական հայց», - հայտարարել էին Վանեցյանի փաստաբանները։

Քաղաքականություն