Քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ 90 տոկոսը պետական գաղտնիք է, հրապարակման ենթակա տվյալ չէ. վարչապետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ եզրակացություններ պատերազմից հետո արվել են, թե ինչ սխալներ ենք գործել մենք, և ինչի հիման վրա են արվում բանակում բարեփոխումները:

Փաշինյանը նշեց, որ բարեփոխումները սկսվել են, բայց դրանք շուտ չեն ավարտվելու: Վարչապետն ասաց, որ կողմ է Հայրապետյանի՝ «Ճշմարտության» հանձնաժողով ստեղծելու առաջարկին. 

«Օրինակ՝ Շուշիի անկման մասով ես էլ կոնկրետ հարցեր ունեմ ու շատ կոնկրետ անձանց: Ես մինչև հիմա հրապարակային չեմ ասել, բայց տարբեր քննարկումների ժամանակ ես ասել եմ՝ հարցեր ունեմ Շուշիի անկման հետ կապված: Եվ այնպես չէ, որ այդ հարցերը կոնկրետ մարդկանց չեմ տվել: Որովհետև ես բախվում եմ մի իրողության հետ, որ մենք պետք է գնահատենք, թե զեկույցներն ինչքանով են եղել ճշմարտացի, եղե՞լ են այդ զեկույցներում իրականությունը խեղաթյուրող տվյալներ, եթե եղել են այդպիսի տվյալներ, դրանք դիտավորյա՞լ են եղել, թե՞ պատահաբար են խեղաթյուրվել: Իհարկե, պետք է ճշմարտության հանձնաժողովը լինի, և մենք բոլոր հարցերի պատասխանները ստանանք»:

Անդրադառնալով Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքներին՝ նշեց, որ հանձնաժողովի եզրակացությունը կա.

«Բայց մինչև հիմա չի հրապարակվել, որովհետև այնտեղ պետական գաղտնիք պարունակող հսկայածավալ նյութ կա, այդ զեկույցը պետք է լինի ի գիտություն՝ ուղղված պետական կառավարման մարմիններին՝ ՊՆ-ին, Ազգային ժողովին, Կառավարությանը: Այնտեղ կան հարցերի կոնկրետ պատասխաններ, բայց դրանք չի կարելի հրապարակայնացնել, քանի որ վերաբերում են հույժ գաղտնի տեղեկատվության: Փորձաքննություն ենք արել, թե այդ զեկույցից ինչն է, որ հույժ գաղտնի տեղեկատվություն է պարունակում, պարզվել է, որ զեկույցի շուրջ 90 տոկոսը պետական գաղտնիք է, հրապարակման ենթակա տվյալ չէ: Հարց՝ բա ինչի՞ համար է այդ աշխատանքն արվել, արվել է հետագա բարեփոխումների ժամանակ այդ ինֆորմացիան հաշվի առնելու համար»,- ասաց վարչապետը:

Քաղաքականություն