Դուք որպես վարչապետ պետք Ձեր թիմակիցներին գոնե փորձեիք սաստել. պատգամավորը սաստեց վարչապետին՝ ծափերի համար

ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ընթացքում, «Իմ քայլը» լքած, անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը նշեց, որ ամաչում է այն հնչած ծափահարությունների համար, որոնք քիչ առաջ եղել են ԱԺ-ում:

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորներն Ազգային ժողովում հոտնկայս ծափահարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ամբիոնից ներկայացնում էր Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«Մենք ունենք հազարավոր զոհեր, գերիներ, դեռ չխնկարկված մարմիններ: Դուք որպես վարչապետ պետք Ձեր թիմակիցներին գոնե փորձեիք սաստել»:

Այնուհետև Գոռ Գևորգյանը հարց հնչեցրեց,  Օնիկ Գասպարյանի հայտարարության և պատերազմը կանգնեցնելու մասին, սակայն վարչապետը անկախ պատգամավորի հարցերին չպատասխանեց, նշելով. «Եթե դուք ամաչում եք այն փաստից, որ խորհրադարանի մեծամասնությունը հավատում է ՀՀ-ի, Արցախի ապագային, ապա դա ձեր խնդիրն է: Ձեր շուրթերից ձեր թիմակիցներ արտահայտությունը շատ խորհրդանշանական է:  Ո՞նց եք եկել այստեղ նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին հարկ չեմ համարում պատասխանել»,-ինչից հետո իշխող ուժի պատգամավորները կրկին ծափահարեցին:

«Եթե դուք ասում եք ձեր թիմը, դուք նստած հարց տալու իրավունք չունեք: Այո, մենք ծափահարում ենք այն մարդկանց, ովքեր հավատում են ՀՀ-ի ու Արցախի ապագային, ու մենք ծնկաչոք ենք հիշատակակում մեր նահատակներին, ձեր էժան գործելակերպը դադարեցրեք, հիշեք, որտեղից եք եկել ու ոնց, արագ ձեզ ինքնահայեցման ենթարկեք»,-ասաց Փաշինյանը: