Աշխարհաքաղաքական մեծ խաղում «Արցախյան գամբիտը» դեռ շարունակվում է․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է 44–օրյա պատերազմում պարտության պատճառներին։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Որքան պատմություն է դառնում 44-օրյա պատերազմի ողբերգական իրականությունը, այնքան պարզորոշվում են մեր պարտության խորքային պատճառները: Իսկ դրանք, ինչպես այս պատահականությունների իշխանությունն է փորձում ապակողմնորոշել, ոչ թե «նախկինների» կողմից թալանված բանակն է, ադրբեջանաթուրքական տանդեմի ու վարձկան գրոհայինների, կամ «Բայրաքթարների» և ժամանակակից այլ սպառազինությունների կիրառումը, այլ առավելապես, իմ խորին համոզմամբ, տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող աշխարհաքաղաքական մեծ խաղացողների կողմից ներդրված և տարիներ շարունակ նախապատրաստված հատուկ գործողությունը... Գործողություն, որի հիմնական իրականացնողը պետք է դառնար երկրի ղեկը բռնազավթած ազգադավ և «հեղափոխական» հորջորջված անմեղսունակների այն խումբը, որը, հանուն անձնական շահի, պատրաստ էր օտարվել ազգային ու բարոյական բոլոր արժեքներից, և «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կեղծ քողի տակ գնալ Հայրենիքը կործանման տանող գործարքի...

Հ.գ.- Սակայն, այս ամենով հանդերձ ասել, որ «գործարքն» ավարտված է, ճիշտ չէր լինի և դրանում համոզված են ոչ միայն «պատվիրատու» գերտերությունները, այլև «գործարքի» դիմաց վճարողները: Ավելին, հիմնական թիրախը, որին նպատակաուղղված է գերտերությունների հարվածը, Արցախում հիմնավորվելով՝ դարձել է ավելի մեծ գլխացավանք, քան նախկինում էր... Կարծում եմ, այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից  արված վերջին հայտարարությունը... Այնպես որ աշխարհաքաղաքական մեծ խաղում «Արցախյան գամբիտը» դեռ շարունակվում է...»։