Զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նշագիծը սահմանել մինչև դեկտեմբերի 31-ը. Զոհրաբյանի առաջարկը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ գործադիր մարմինը ճիշտ քաղաքական որոշում է կայացրել՝ հավանություն տալով «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին։

Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 սեպտեմբերի 26-ը 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ։

Պատգամավորն ասաց, թե նախագծում մի խնդիր է տեսնում, որի վրաբերյալ գրավոր առաջարկ կներկայացնի։

«Սփյուռքում ապրող մեր հարյուրավոր երիտասարդներ ցանկացել են գալ, բայց օդային սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողացել հաղթահարել այդ բարիերը և կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, թե այդ սահմանը պետք է վերանայվի և «մինչև սեպտեմբերի 26» ամսաթիվը փոփոխության ենթարկվի։