Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործելու ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնալ Իրևան. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մի օր ադրբեջանցիները «կվերադառնան Երևան», որտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ թվում՝ իր նախնիները, բայց դա չի նշանակում, որ իրենք Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ունեն։ Այդ մասին Ալիևն ասել է ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին․ Հետհակամարտային զարգացում և գործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է Minval.az-ը։

«Նրանք քանդել են Իրևանի պատմական մասը։ Դա ակնհայտ փաստ է, որ այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ թվում՝ իմ նախնիները․․․ Ես ասել եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ։ Չեմ ասել, որ տանկի վրա կվերադառնանք։ Ես ասել եմ, որ կվերադառնանք։ Դա նշանակում է՝ ինչու ոչ։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործելու ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես ներկայացնում եմ դիրքորոշումը»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ «Զանգեզուրը փոխանցվել է Հայաստանին 1920-ին, իսկ մինչ այդ պատկանում էր Ադրբեջանին»։

«Երբ ես ասում եմ Գյոյչա, նրանք հիմա այդ լիճը Սևան են անվանում։ Բավական է նայել 20-րդ դարասկզբի քարտեզին։ Այնտեղ Սևան չեք տեսնի, կտեսնեք Գյոյչա։ Նույնն է Իրևանի դեպքում»,- ասել է նա։