Պաշտպանության նախարարությունը շատ վատ վիճակում է գտնվում. Էդմոն Մարուքյան

Պաշտպանության նախարարությունը շատ վատ վիճակում է գտնվում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Խոսքը գնում է ղեկավարության մասին։ Տարրական բաներ չեն կարողանում բացատրել։ Երեկ ծնողների հետ եմ շփվել, որոնք Արցախ զինվոր տանելու վերաբերյալ հարց ունեին։ 30 րոպե զրույցի ընթացքում մարդիկ ասացին, որ ՊՆ-ից մեկը չկա՞ր այս ամիսների ընթացքում այդքան բանը բացատրեր։ Մի մարդ չկա՞ր հետներս աշխատեր։ Հիմա ի՞նչ եք ակնկալում այդ մարդկանցից, որ կկարողանան դուրս գալ ու ծնողների հետ խոսե՞ն, մի հոդաբաշխ բան ասե՞ն։ Ադեկվատ մարդ չկա, դրա համար էլ օր առաջ իշխանություն փոխելու օրակարգ կա»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, պատգամավորն ասաց, որ արդեն 6 ամիս է ադրբեջանական կողմն ասում է՝ իրենց մոտ ռազմագերիներ չկան, իսկ հայկական կողմը պնդում է, որ կոնֆլիկտն ավարտված չէ. «Միջազգային իրավունքով չավարտված կոնֆլիկտի ընթացքում ցանկացած մարդ, որն ընկնում է գերի, նա ռազմագերի է, որովհետև չկա վերջնական խաղաղության վերաբերյալ ստորագրված փաստաթուղթ, որի հիման վրա կարելի է ասել, որ կոնֆլիկտն ավարտված է և դրանից հետո ով որտեղ գերի ընկնի, ուրեմն հանցագործ է։ Սա միջազգային իրավունքի ամենակարևոր փաստարկներից է, որը չեմ լսել, որ մեկն ասի»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Վերջինս նշեց, որ միջազգային ճնշման համար պետք է ունենալ արտաքին քաղաքական թիմ, որը պետք է կազմակերպի Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը. «Եկեք նայենք այդ արտաքին թիմի ճնշում կազմակերպողներն ովքեր են՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, Ռուբեն Ռուբինյանը։ Այդ մարկանցից սպասում եք, որ ինչ-որ արտաքին միջազգային կոալիցիա ձևավորեն, որը կճնշի Ադրբեջանին և Թուրքիայի՞ն։ Անհնար է»,-ասաց պատգամավորը։