Մանրամասներ՝ Փաշինյանն ընդդեմ Փոստանջյանի գործից
Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձելու պահանջով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Ինչպես հայտնի է, հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:
2021 թվականի մարտի 26-ին Ն.Ավետիսյանը, ծանոթանալով Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին, պարզել է, որ Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը 12.03.2021թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Զարուհի Համազասպի Փոստանջյանի և խնդրել՝
1.Պարտավորեցնել Պատասխանող Զարուհի Փոստանջյանին հրապարակայնորեն հերքել տեսանյութի հատվածում պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ կերպ.
տեղադրել հայտարարություն Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես «Ես՝ Զարուհի Փոստանջյանս, զրպարտել եմ Նիկոլ Փաշինյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես «08.02.2021թ.-ին ես Յութուբ կայքի «asekose am» վերնագրով ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ արտահայտություններ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որով նրան մեղադրել եմ հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, գործակալ լինելու մեջ, և որ նրան նախորդ իշխանություններն են բերել, մտցրել խորհրդարան։ Հայտնում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը և ես զրպարտել եմ պարոն Փաշինյանին»։
2. Պատասխանող Զարուհի Փոստանջյանից հօգուտ հայցվոր Նիկոլ Փաշինյանի բռնագանձել երկու միլիոն ՀՀ դրամ՝ որպես Տեսանյութի մեջ պարունակվող զրպարտության համար նախատեսված փոխհատուցում։
Հայցադիմումը և կից փաստաթղթերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Ավետիսյանին են հանձնվել 17.03.2021թվականին:
Նկատի ունենալով, որ հայցադիմումը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, հետևաբար այն պետք է ընդունել վարույթ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով՝ դատավորը որոշել է Նիկոլ Վովայի Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Զարուհի Համազասպի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: