ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարուքյանն արձագանքել է Հրանտ Բագրատյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ իր վերաբերյալ հրապարակումներին եւ Բագրատյանին անլուրջ անվանել։

Նշենք, որ Բագրատյանը  Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե Էդմոն Մարուքյանը բարձրագույն կրթություն չունի, ավարտել է ինչ-որ կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտ, որը կայք չունի, ապա ավարտել է մարդու իրավունքների Վարշավայի բարձրագույն դասընթացը եւ Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

«ԱԺ կայքում նշվում է միայն ավարտի տարին։ Ի՞նչքան է սովորել պարզ չէ. մեկ շաբաթ, մեկ ամիս, երկու ամիս։ Լսեք, տեղեկատվության այս ծավալից չի բխում, որ մարդը բարձրագույն կրթություն ունի։ Գուցե ս՞ա է պատճառը, որ սույն «խիստ ընդդիմադիր» պարոնը ԱԺ-ում նիկոլ-2 է խաղում. ոչ մի կրեատիվ գործողություն, կրուտիտ, մուտիտ եւ նման բաներ»,– գրել է նախկին վարչապետը։

«Ինչքան անլուրջ մարդ է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որ քչփորում է ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի կենսագրականը, այն դեպքում, երբ ինձ հետ 5 տարի պատգամավոր է աշխատել, միասին գնացել ենք Միացյալ  նահանգներ, այլ տարբեր այցեր ենք ունեցել, շատ ջերմ հարաբերություններ ենք ունեցել եւ մի օր հարց չի առաջացել  նրա մոտ, որ ասի՝ կարո՞ղ է դիպլմոներդ բերես նայեմ Էդմոն ջան, ոնց որ կասկածում եմ, կարող է դու բարձրագույն կրթություն չունես։  Սիրելի հայրենակիցներ, ես հիմա  ոչ թե ուզում եմ հերքել Բագրատյանի խոսքերը, որ ես բարձրագույն կրթություն ունեմ եւ Բագրատյանը սուտ է խոսում, այլ ուղղակի ուզում եմ այս առիթն օգտագործել ու  ցույց տալ, թե ինչքան անլուրջ մարդիկ են Հայաստանում զբաղված քաղաքականությամբ եւ որոնք ուզում են ձեզ «փրկել»։ Պատկերացնում եք այդ մարդու անլրջության մակարդակը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ԱԺ կայքում ինչու է միայն ավարտի մասին  գրած, բայց էականը դա չէ։ Դա նույնն է որ ես ասեմ՝ քանի որ չեմ տեսել Բագրատյանի ծննդյան վկայականը, հետեւաբար նա չի ծնվել։ Ո՞նց կարելի է պնդել, որ մարդը բարձրագույն կրթություն չունի, որովհետեւ ԱԺ կայքում ընդունվելու մասին գրված չէ, սա անլրջության վերին գագաթնակետն է»,– ուղիղ եթերում հայտարարեց  Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարն այնուհետեւ ցուցադրեց Մոսկվայի եւ իրավունքի կոմերցիայի համալսարանի, Վարշավայի Մարդու իրավունքների դպրոցի, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի մագիստրոսի եւ  Մինեսոտայի համալսարանի  իրավաբանական դպրոցի դիպլոմների լուսանկարները։

 «Չգիտեմ՝ ի՞նչն է պատճառը, որ պարոն Բագրատյանը ինչ–որ ցնցումների մեջ է ընկել, բայց ամեն դեպքում սա մարտահրավեր էր, որը նա նետել էր եւ ես այն ընդունցեի։ Հույս ունեմ, որ նա ցույց կտա իր ծնդդկանը, եթե նա դա չարեց, ուրեմն իր տրամաբանությամբ կարելի է ասել, որ նա չի ծնվել։ Բայց դե մենք այդ մակարդակին, բնականաբար, չենք իջնում, ոչ մի բանի կարիք չկա, ուղղակի սիրելի հայրենակիցներ, նայեք, թե ինչ խայտառակ վիճակում  է գտնվում ՀՀ–ում քաղաքականությունը, նայեք, թե ովքեր են ՀՀ–ում քաղաքականության մեջ , ինչ են խոսում, եւ մեր ժողովուրդը լսում է այդ մարդկանց, եւ այդ մարդիկ լուրջ դերակատարում ունեն։ Այդ մարդը հիմա էլ է հավակնում վարչապետի պաշտոին»,– հավելեց Մարուքյանը։