Երկու քարի արանքում. ինչպես Հայաստանի նախագահը կարող է փրկել երկիրը. Газета.ru-ի անդրադարձը

Ռուսական Газетa.ru հրատարակությունը հոդած է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և դրա հանգուցալուծման հարցում երկրի նախագահ Արմեն Սարգսյանի դերին:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանում Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության շուրջ վեճերը շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ անհաջող ձգտում է նրա պաշտոնանկությանը: Այս հարցի լուծումը մեծապես կախված է երկրի նախագահ Արմեն Սարգսյանից, ինչն էլ նրան դնում է անհարմար դրության մեջ: Մինչ ընդդիմությունը նախագահին մեղադրում է անվճռականության համար, իշխող կուսակցությունը սպառնում է նրան պաշտոնանկությամբ: Փորձագետների գնահատականներով ՝ Սարգսյանը փորձում է դառնալ կայունացնող գործոն Հայաստանում, բայց չունի անհրաժեշտ ազդեցություն հասարակության լուրջ բևեռացման պայմաններում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է միավորված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանց զրույցի հիմնական թեման Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության շուրջ ստեղծված իրավիճակն է: Նախագահը խոստացել է առաջիկայում ներկայացնել իր դիրքորոշումը:

Մի քանի ժամ անց Սարգսյանը հանդիպել է նաև Գասպարյանի հետ`քննարկելու առկա իրավիճակը: Զրույցի ընթացքում նա նշել է, որ շարունակելու է ուշադրություն դարձնել բանակին ու նրա խնդիրներին, բայց նաև շեշտել է, որ իր հիմնական գերակայությունը երկրի կայունության պահպանումն է:

Հայաստանի նախագահն արդեն երկու անգամ հրաժարվել է ստորագրել Գասպարյանին աշխատանքից հեռացնելու Փաշինյանի պահանջը: Սակայն դա չի նշանակում, որ Գլխավոր շտաբի ղեկավարը կպահպանի իր պաշտոնը: Ըստ ՀՀ օրենսդրության, Փաշինյանի որոշումը ուժի մեջ է մտնում նախագահի` մինչև մարտի 3-ը Սահմանադրական դատարան դիմած չլինելու դեպքում, ներառյալ՝ Փաշինյանի հրամանագրի օրինականությունը ստուգելու խնդրանքով:

Ոչ վաղ անցյալում Սարգսյանն արդեն օգտվել է այս իրավունքից ՝ վիճարկելու Փաշինյանի որոշումը: Նա Սահմանադրական դատարան է ուղարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր վարչապետին իրավունք տալ առանց պատճառաբանելու աշխատանքից ազատել բանակի բարձր հրամանատարության ներկայացուցիչներին:

Սահմանադրական դատարանը դեռ որոշում չի կայացրել այս օրենքի վերաբերյալ, այնուամենայնիվ, եթե նույնիսկ այն ճանաչվի հակասահմանադրական, դա հստակություն չի բերի Օնիկ Գասպարյանի ճակատագրում: Հայաստանի Սահմանադրության համաձայն, Գլխավոր շտաբի պետը հատուկ կարգավիճակ ունի, բայց  նրան պաշտոնից հեռացնելու կարգը ամբողջությամբ սահմանված չէ: Նրան կարող են հեռացնել պաշտոնից ընդհանուր հիմունքներով, այսինքն, եթե կա համապատասխան հայտարարություն, ուժի մեջ մտած մեղադրական եզրակացություն, քաղաքացիության կորուստ կամ մահ:

Ուղղակի անհնար է առանց պատճառաբանության աշխատանքից ազատել Գլխավոր շտաբի պետին, ինչպես փորձում է անել Նիկոլ Փաշինյանը:

Եթե նախագահը Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին Փաշինյանի առաջարկը ուղարկի Սահմանադրական դատարան ՝ քննարկման, ապա այս հարցում էստաֆետը կանցնի դատարանին, իսկ եթե նա դա չանի, ապա Գլխավոր շտաբի պետը ավտոմատ կերպով կկորցնի իր պաշտոնը:

Այնուամենայնիվ, Հայաստանի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը պնդում է, որ Սահմանադրական դատարանը չի կարող որոշում կայացնել վարչության պետի պաշտոնանկության կամ նախագահի հրամանագրի սահմանադրականության վերաբերյալ, քանի որ դա հակասում է սահմանադրության 168-րդ հոդվածին: «Սա նշանակում է, որ նախագահը չէր կարող վիճարկել հրամանագրի նախագիծը Սահմանադրական դատարանում, այդ պատճառով նա որոշել է վիճարկել «զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը», - պարզաբանել են Գլխավոր շտաբից:

Իրավական ընթացակարգի երկիմաստությունը, դրա կիրառման միջգերատեսչական վեճերը և այն, որ հանրապետության նախագահն այստեղ առանցքային դեր ունի, Արմեն Սարգսյանին ծայրաստիճան անհարմար դրության մեջ են դնում:

Ընդդիմությունն արդեն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ նախագահը ի սկզբանե չի ուղարկել Փաշինյանի առաջարկը Սահմանադրական դատարան, իսկ իշխող «Իմ քայլը» կուսակցությունը չի բացառում պաշտոնանկության գործընթացի մեկնարկը Սարգսյանի նկատմամբ`իր պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար:

ՄԳԻՄՈ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևի տեսանկյունից՝ Սարգսյանը փորձել է ազդել ներկա վիճակի վրա՝ հաշվի առնելով իր սահմանադրական լիազորությունները, այսինքն ՝ հրաժարվելով Գասպարյանին հեռացնել պաշտոնից:

«Նա փորձում է հավասար հեռավորություն պահպանել և իր լիազորություններն իրականացնել այն մասով, որտեղ նա հնարավորություն ունի ազդելու գործադիր իշխանության որոշումների վրա: Նրա տրամաբանությունն է ՝ հնարավորինս մեղմացնել Փաշինյանի ամենածայրահեղ քայլերը: Արդյո՞ք ինքը՝ Փաշինյանը, պատրաստ է բանակցել իր հակառակորդների հետ. ոչ թե ընդդիմության հետ փողոցում, այլ քաղաքական էլիտայի լայն շրջանակների, այդ թվում ՝ ռազմական ղեկավարության, սա կարևոր և բաց հարց է»,-ասել է փորձագետը:

Այս տեսակետը կիսում է Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, բայց նա կասկածում է, որ նախագահը կարող է ինչ-որ կերպ ազդել իրավիճակի վրա:

Նրա խոսքերով` Սարգսյանը փորձում է կայունացնող ու չեզոքացնող գործոնի դեր խաղալ, բայց հանրապետության սահմանադրության համաձայն՝ նրա լիազորությունները նվազագույն են:

«Իրականում նա խաղում է բացառապես հանդիսավոր դեր, որը նման է նախագահի կարգավիճակին Գերմանիայում և Իսրայելում: Այսինքն՝ նա արարողակարգից դուրս սահմանադրական լիազորություններ գործնականում չունի, ուստի օգտագործում է իր հեղինակությունն ու դիրքը ինչ-որ միջին դերակատարություն ունենալու համար: Սակայն ստեղծված իրավիճակում դա այնքան էլ լավ չի ստացվում, քանի որ կա լուրջ բևեռացում»,-ասել է Իսկանդարյանը:

Ինչպես ասել է սահմանադրական իրավունքի ոլորտի փորձագետ Արամ Վարդևանյանը, նախագահն ինքը նախապես նկարագրել էր Փաշինյանի հրամանագիրը որպես հակասահմանադրական, բայց անմիջապես այն չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ քննարկման:

«Վահագն Հովակիմյանները և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախագահի համար սահմանադրությունից և բանակից վեր էին: Ցավում եմ, որ նախագահը նման զիջման գնաց, հատկապես նման պայմաններում»,- գրել է Վարդևանյանը Facebook-ում:

Միևնույն ժամանակ, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, Հայաստանի նախագահն ընդհանուր առմամբ չէր կարող համախմբող գործոն դառնալ երկրում ՝ իր դիրքի և անհատականության առանձնահատկությունների պատճառով: Կողմերից ոչ մեկը նրան յուրային չի ընկալում:

«Ընդդիմությունը նրան չի ընկալում որպես յուրային, և նա չի կարող ղեկավարել այն, քանի որ նրանք ունեն այնպիսի գործիչներ, որոնք համեմատելի են կամ գերազանցում են իրեն համբավով, ներգրավվածությամբ քաղաքականությանը և քաղաքական փորձով: Երկրի ղեկավարության մեջ նա նույնպես ընկալվում է որպես բավականին հեռակա անձ: Նախ`որպես հեղափոխության արդյունքում իշխանության չեկած անձ: Եվ երկրորդը՝ որպես քաղաքական գործիչ, որի «բեքգրաունդը» շատ տարբեր է իշխող թիմից»,-հավելել է փորձագետը:

Հաշվի առնելով հասարակության լուրջ բևեռացում ՝ միջին դիրք զբաղեցնելու նրա փորձերը շատ հաջող չեն, քանի որ նման պայմաններում կենտրոնի խիստ անհրաժեշտությունը չկա, ընդգծել է Իսկանդարյանը: Այնուամենայնիվ, նախագահի կերպարը կարող է պահանջվել պարզապես գոնե որևէ բանակցային գործընթաց իրականացնելու համար:

Արդյունքում, Սարգսյանն իր գործողություններում կապված է նախագահական խիստ սահմանափակված լիազորություններով, ինչը պայմանավորված է գրեթե 3 տարի առաջ Հայաստանի` կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Հետաքրքիր է, որ վերջին հանրահավաքներից մեկում Փաշինյանը չի բացառել կիսանախագահական համակարգին վերադարձը, չնայած մեկ տարի առաջ  այն բնութագրում էր որպես «անպատասխանատու ու աղետալի» համակարգ:

Քաղաքականություն

Պատահարներ