
Հիմնադրամը չի կարող գումար հատկացնել ռազմական կարիքների համար, քանի որ այն լուծում է մարդասիրական խնդիրներ. Աշոտ Բարսեղյան

Արդեն հայտնել էինք, որ համացանցում և մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ պատերազմի օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում «Հայաստան Համահայկական հիմնադրամին», այդ գումարները ծախսվել են ոչ նպատակային։ Այսինքն, գումարները հավաքվել են, հետո, իբր, պարտքով տրվել է Կառավարությանը՝ պատերազմի կարիքների հետ կապված ծախսեր անելու համար։
Auroranews-ի հետ զրույցում «Հայաստան համահայկական հիմնադրամի» մարկետինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը մեր հարցին ի պատասխան, թե արդյոք պատերազմի օրերին եղել է քննարկում պետությանը պարտքով գումար հատկացնելու վերաբերյալ ասաց.
«Եղել է քննարկում, որը տեսականորեն կարող է իրականացվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման արդյունքում»:
Ճշտող հարցին, թե պարտքով գումար հատկացվել է պետությանը պատերազմի օրերին կամ հետո, նա բացասական պատասխան է տվեց:
«Հիմնադրամը սպասում է հաշվետվությանը, որը ներկայացվելու է բյուջեի կատարողականի ժամանակ: Այդ ժամանակ բոլորս այն կտեսնենք, և հոգաբարձուների խորհուրդը կուսումնասիրի և կհասկանա ինչպես վարվել»,-ասաց Բարսեղյանը:
Բարսեղյանը նշեց, որ եթե պարզվի, որ հատկացված միջոցները ծախսվել են Հիմնադրամի կանոնադրությանը հակասող կերպով, ապա հոգաբարձուների խորհուրդը կկայացնի համապատասխան որոշում, օրինակ կարող է հաշվել որպես պարտք, որը պետությունը պետք է վերադարձնի:
Համացանցում շրջանառվող նույն հրապարակումները, հղում անելով նախօրեին Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որում Սարգսյանն ասում է, որ կատարվել են գնումներ ոչ Պաշտպանության նախարարության կողմից, այլ ուղիղ Կառավարությունն է այդ գնումները արել, այն էլ մի քանի անգամ թանկ գներով, խոսքը զրահաբաճկոնների մասին է։ Զրահաբաճկոնները գնվել են մեծ քանակի և շատ անգամ բարձր գներով։
«Բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից, կա ևս մի պատմություն, որ 11 միլիոն դոլար գումարի գնում են իբր կազմակերպում, կանխիկացնում են այդ գումարը և մինչ այսօր ո՛չ այդ ապրանքն են մատակարարել, ո՛չ այդ գումարը կա»,- նշվում է հրապարակման մեջ։
Մեզ հետ զրույցում «Հայաստան համահայկական հիմանդրամի» ներկայացուցիչը նշեց, որ հիմնադրամը չի կարող գումար հատկացնել ռազմական կարիքների համար, քանի որ այն լուծում է մարդասիրական խնդիրներ: Օրինակ, եթե զինվորը չունի բինտ կամ դեղամիջոց հիմնադրամը կարող է գումար հատկացնել, իսկ եթե չունի զրահաբաճկոն, կամ պետք է արգևավճար բաժանել, ապա այդ դեպքում հիմնադրամը չի կարող գումար հատկացնել:
Դիտարկմանը, որ նշվում է, թե Հիմնադրամին հատկացված միջոցները ծախսվել են ոչ նպատակային, Աշոտ Բարսեղյանը հորդորեց սպասել հաշվետվությանը: