Կիրականացվի ծառայողական քննություն. Auroranews-ին մանրամասներ են հայտնի դարձել զինվորների կեցության անմխիթար պայմանների մասին պատմող զինծառայողից
Երեկ հայկական բանակի զինծառայողը լայվ է մտել և ներկայացրել սահմանապահների համար ստեղծված անմխիթար պայմանները, որից հետո նա ֆեսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իրեն ստիպել են ջնջել տեսանյութը:
Այսօր՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի նրան են այցելել զինվորական դատախազության աշխատակիցները: Անդրանիկի ծանոթների խոսքով նա այժմ հնարավոր է ձերբակալված է, որովհետև դատախազության աշխատակիցները ասել են, որ նրա գործողություններում առկա են հայրենիքի դավաճանության հիմքեր: Ըստ հրապարակումների Անդրանիկ Պողոսյանը գտնվում է Գյումրիի ռազմական ոստիկանությունում և հարուցվել է քրեական գործ:
Auroranews-ի հետ զրույցում Անդրանիկ Պողոսյանի եղբայրը՝ Արտուշ Պողոսյանը հերքեց համացանցում տարածվող լուրերը այն մասին, թե Անդրանիկը ձերբակալված է, կամ գտնվում է Գյումրիում:
«Տեղեկություն ունեմ, որ եղբայրս այս պահին գտնվում է Սիսիանում, այնտեղ որտեղ իրականացնում է ծառայությունը, նրան կտեղափոխեն Գյումրի, որտեղ կիրականացվի ծառայողական քննություն, որից հետո կտեղափոխեն Երևան»,-ասաց զինծառայողի եղբայրը:
Հարցին՝ ինչու է իրականացվում ծառայողական քննություն Պողոսյանն ասաց, որ քննությունն իրակականացվելու զինծառայողի ապօրինի հեռախոս պահելու և դրանով ուղերձ հղելու համար:
«Ես չեմ խոսել եղբորս հետ, ասել են, որ երբ իջնի զորամաս այդ ժամանակ կարող ենք խոսել, նրան հեռախոս կտան»,-ասաց Արտուշ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ զինծառայող Անդրանիկ Պողոսյանը լայվ է մտել և ներկայացրել սահմանապահների համար ստեղծված անմխիթար պայմանները:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հիմա սահմանին ենք եւ որոշել ենք լայվ մտնել ու ցույց տալ, թե ինչ պայմաններում է բանակը պոստ պահում: Ռուսը, որ ընդամենը մի շաբաթվա մեջ կարողացավ իր համար խոշոր կազարմաներ սարքել, մենք մեր հողի մեջ տեսեք ինչ պայմաններում ենք ապրում: Կառավարության որոշ անդամներ գնում են Մոսկվայի էլիտար ռեստորաններում մի հատ ուտելիքի վրա 5 հազար դոլար են ծախսում գալիս, իսկ այսօր մեր զինվորը այս պայմաններում է»:
Զինծառայողն ուղիղ եթերում ցուցադրել է, որ քնում են գետնին՝ պատառոտված վրանի տակ։ Վրանն էլ քամուց չէր կարողանում պաշտպանել զինվորներին, որոնցից ոմանք «կուչ» էին եկել գետնին՝ փոքր ինչ հանգստանալու։ Եվ սա այն դեպքում, երբ թշնամին արդեն ամուր դիրքեր է կառուցել հայկական հողերի վրա, ռուսական խաղաղապահների համար էլ մի քանի օրում կառուցում են մոդուլ-քաղաքներ։
Մանրամասները՝ տեսանյութում