Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին մոսկովյան դատարանի որոշումն ուժի մեջ է մտել

Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Բասմանյան դատարանի որոշումը, որը թույլ է տալիս քննությունն իրականացնող մարմնին քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ վերջինիս սպանության մեջ մեղադրվող դուստրերի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների և խոշտանգումների մասին:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, աղջիկների փաստաբաններից մեկի՝ Ալեքսեյ Լիպցերի պարզաբանմամբ՝ որոշումն ուժի մեջ է մտել: «Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործի հարուցումից հրաժարման անօրինականությունը, որոշումն ուժի մեջ է մտել»,- ասել է պաշտպանը:

2020 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Բասմանյան դատարանն անօրինական է ճանաչել քննիչի գործողությունները, որը հրաժարվել է Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցել:

Նախաքննության նյութերից հետևում է, որ 2014 թվականից ի վեր, ինչպես նաև մոր բացակայությամբ համատեղ բնակության ընթացքում, այդ թվում՝ մահվան օրը, Խաչատուրյանը կոշտ վերաբերմունք է ցուցաբերել իր դուստրերի նկատմամբ: Փաստաբանի խոսքով՝ վերջինիս դեմ քերական գործի հարուցման պարագայում դուստրերը կդառնան տուժածներ:

Հիշեցնենք, որ երեք քույրերը մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ, որը, նրանց խոսքով, երկար ժամանակ ծեծի ենթարկել և սեռական բնույթի գործողություններ է կատարել իրենց նկատմամբ: Միխայիլ Խաչատուրյանին մահացած են հայտնաբերել 2018 թվականի հուլիսի 27-ին:

Քաղաքականություն

Պատահարներ