Մայորը հակառակորդի կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա. մերօրյա հերոսներ

Արցախի ՊԲ-ն ներրկայացել է մերօրյա հերոսներին:

Մայոր Էդգար Արտակի Կարապետյանը հակառակորդի կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա: Անձամբ ղեկավարելով տանկային վաշտերից մեկը հյուսիսային սահմանագոտում՝ վաշտի կազմով խոցել են հակառակորդի մեկ դիտակետ և հինգ տանկ:

Ավագ լեյտենանտ Տարոն Ազատի Արշակյանը իր մարտկոցով հյուսիսային ուղղությամբ կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ: Անձամբ ականանետով շարքից հանել է հակառակորդի մեկ տանկ՝ վնասելով ևս մեկը:

Լեյտենանտ Գայանե Գրիգորիի Գրիգորյանը, ենթասպա Եվգինե Ներսեսի Մարտիրոսյանը և կրտսեր սերժանտ-պայմանագրային Անահիտ Կամոյի Աբրահամյանը, դրսևորելով խիզախություն, հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Փոխգնդապետ Արթուր Վյաչեսլավի Սարգսյանը հակառակորդի հրետակոծության ժամանակ իրականացրել է սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտակարգերից տարհանումը, ինչպես նաև կազմակերպել զինամթերքի մատակարարման աշխատանքները: